Դեկտեմբերի 1-ին ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը Հռոմում տեղակայված ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների եւ հաստատության պրոֆեսորադասախոսական ու ղեկավար կազմերի ավելի քան 100 ներկայացուցիչների համար դասախոսություն է կարդացել «ԱԺ դերը Հայաստանի պաշտպանության եւ անվտանգության հարցերում» թեմայով:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կարապետյանը նախ հյուրերին ծանոթացրել է ԱԺ կառուցվածքին ու գործունեությանը, ապա ներկայացրել պաշտպանության եւ ՀՀ անվտանգության ոլորտների նկատմամբ խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմներին` մասնավորապես կարեւորելով զինված ուժերի գործունեությունը կանոնակարգող օրենքների ընդունումը, միջազգային պայմանագրերի վավերացումը, պետական բյուջեի հաշվետվության հաստատումը, վերահսկիչ պալատի միջոցով բյուջեի վերահսկողության իրականացումը, խորհրդարանական հարց ու հարցապնդումների մեխանիզմը:
Պաշտպանության ոլորտի նկատմամբ քաղաքացիական ու խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու գործում բանախոսը կարեւորել է նաեւ հանձնաժողովի անդամների այցերը պաշտպանական ոլորտի կառույցներ, զինվորների ու սպայական կազմերի հետ անմիջական շփումներն ու քննարկումները, միջազգային ու հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ համագործակցությունը, Հայաստան-ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարումն ու ոլորտի բարեփոխումների իրականացումը:
Հրայր Կարապետյանը պատասխանել է նաեւ ունկնդիրների հարցերին, որոնք վերաբերում էին Հայաստանի ազգային անվտանգության մարտահրավերներին, բանակցությունների միջոցով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի որդեգրած դիքորոշմանն ու երկրում իրականացվող եվրաինտեգրման գործընթացներին:




























