Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակներում, ամենայն հավանականությամբ, չի լինի: Այդ մասին Աստանայում NEWS.am-ի թղթակցին հայտնի է դարձել դիվանագիտական աղբյուրներից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրնեի պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:

Նշենք, որ ղարաբաղյան կարգավորման հարցը գտնվել է գագաթաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում: