Ռուսաստանի նախագահ Դմիտր Մեդվեդեւը ավարտել է Ղազախստան կատարած իր այցը: «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի հաղորդմամբ, Աստանայում նա մասնակցել էր ԵԱՀԿ գագաթաժողովին եւ ունեցել երկկողմ հանդիպումներ:
Ռուսաստանի նախագահը բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի, Հունաստանի վարչապետ Յորղոս Պապանդրեուի հետ:
Ռուսաստանի առաջնորդը նաեւ հանդիպել է «ԵվրԱզԷՍ»-ի գլխավոր քարտուղար Թարի Մանսուրովի հետ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդեւը նշել է, որ ԵԱՀԿ գոտում անվտանգության հարցերը լավագույն տարբերակով չեն լուծվում եւ դրա «վառ օրինակն է վերջին 10 տարվա ընթացքում եղած լուրջ բախումները»:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:
Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:





























