Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը նախկինի պես շարունակում է մեծ վտանգ պարունակել աշխարհի եւ տարածաշրջանի անվտանգությանը։ Ինչպես Աստանայից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, այս մասին ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Հայաստանը շարունակում է օկուպացված պահել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլեւ Լեռնային Ղարաբաղին հարող 7 շրջանները, այսինքն՝ Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը։ 1 միլիոն մարդ փախստական է դարձել։ Նրանք ռազմական հանցագործություններ են իրականացրել Խոջալուում։ Անմեղ զոհերի թվում 100 երեխա կա»,- հայտարարել է Ալիեւը՝ ընդգծելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։
«Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է։ Այսօր Հայաստանը շարունակում է ուժ կիրառել, բայց Ադրբեջանը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը՝ հուսալով, որ այն արդյունք կտա»,- ասել է Ալիեւը։
Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային սկզբունքների եւ փաստաթղթերի հիման վրա։ «Բայց Հայաստանը հակամարտությունը կարճ ժամկետներում լուծելու փոխարեն նախընտրում է իրավիճակի թեժացումը՝ անընդհատ խախտելով հրադադարի ռեժիմը՝ փոփոխելով մեր քաղաքների եւ տեղանքների անունները՝ քանդելով մեր հուշարձանները»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Ալիեւը նաեւ տեղեկացրել է, որ իր նշած հանգամանքները տեղ են գտել հակամարտության գոտում ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի առաքելության հաշվետվությունում։ Ալիեւի համոզմամբ՝ Հայաստանը չի ձգտում խաղաղության եւ հակամարտության լուծման։
«Հայաստանը ձգտում է որքան հնարավոր է երկար ժամանակ պահպանել ստատուս-քվոն։ ԵԱՀԿ Մինսկի խումբը 20 տարի է, որ անարդյունավետ բանակցություններ է վարում։ Մենք պատրաստ ենք շարունակել բանակցությունները եւ արդյունքի հասնել միջազգային սկզբունքների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա»,- ընգծել է Ադրբեջանի նախագահը։
Այսպիսով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գագաթաժողովի ամբիոնից պաշտոնական Բաքվի հին երգն է երգել՝ շարունակելով ապակառուցողական դիրքորոշում դրսեւորել։ Նշենք, որ թերեւս հենց այս հանգամանքով է պայմանավորված, այն որ դիվանագիտական աղբյուրները հայտնեցին, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումը չի կայանալու։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի կապակցությամբ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին համաձայնել են, որ եկել է ժամանակը առավել վճռական գործողություններ ձեռնարկել` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: Այդ ենթատեքստում նրանք հղում են արել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի Մոսկվայի 2008 թ. նոյեմբերի 2-ի եւ 2010 թ. հոկտեմբերի 27-ի հայտարարություններին: Նրանք համաձայնություն են հայտնել, որ բանակցությունների միջոցով խաղաղ կարգավորումը տարածաշրջանի ժողովուրդներին կայունություն եւ անվտանգություն կբերի, եւ կհանդիսանա միակ հնարավորությունը նրանց միջեւ համաձայնության հասնելու համար:
Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը ձգտելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական կարգավորմանը միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկիի Եզրափակիչ ակտի, ինչպես նաեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի 2009թ. հուլիսի 10-ի լ’Ակվիլայի եւ 2010թ. հունիսի 26-ի Մուսկոկայի հայտարարությունների հիման վրա:
Միջնորդ երեք երկրները իրենց աջակցությունն են հայտնել Հայաստանի եւ Ադրբեջանի Նախագահներին, որոնք կանգնած են անհրաժեշտ որոշումների կայացման առջեւ: Նրանք կոչ են արել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին նոր էներգիայով կենտրոնանալ Հիմնարար սկզբունքների դեռեւս չհամաձայնեցված հարցերի լուծման վրա, եւ հանձնարարել համանախագահներին շարունակել աշխատանքը հակամարտության կողմերի հետ` աջակցելով ձեռնարկվող ջանքերին:
Բանակցությունների ընթացքի մթնոլորտի բարելավման համար, նրանք կոչ են արել հավելյալ քայլեր ձեռնարկել` ուղղված հրադադարի ամրապնդմանը եւ վստահության միջոցների իրականացմանը բոլոր բնագավառներում:




























