ԵԱՀԿ անդամ-երկրների տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման համար ուժի կիրառումն անընդունելի է: Այդ մասին ԵԱՀԿ գագաթաժողովում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

Նա ընդգծել է, որ ուժի չկիրառումը վերաբերում է բոլոր հակամարտություններին՝ մերձդնեստրյան, Վրաստանի տարածքի, նաեւ՝ ղարաբաղյան հակամարտությանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: