Երեւանի քաղաքապետարանն այսօրէ դեկտեմբերի 1-ին անդրադարձել է Նոր Նորքում «Վիշապի կոթողներ» այգում բարձրահարկ շենք կառուցելու հետ կապված խնդրին:

Քաղաքապետարանի հաղորդագրության մեջ նշվում է.

«Էլեկտրոնային որոշ լրատվամիջոցներով օրերս տարածված «Վիշապի այգի» կոչվող տարածքում շինարարության առիթով Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի կողմից իբր արված հայտարարության մասին տեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ այն ներկայացվել է խեղաթյուրված եւ չի համապատասխանում իրականությանը:

Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը այգի կատարած այցելության ժամանակ նման հայտարարություն  չի արել: Քաղաքապետի դիրքորոշումը միանշանակ հետեւյալն է. այգու տարածքում որեւէ ծառ չպետք է հատվի եւ որեւէ կառուցապատում չպետք է իրականացվի, եթե այն խանգարում է այգու ֆունկցիոնալ գործունեությանը։ Իսկ եթե որեւէ կառուցապատում դուրս է այգու սահմաններից, չի խանգարում այգուն եւ համապատասխանում է կառուցապատման պահանջվող չափանիշերին, ապա ինչու ոչ, կարելի է կառուցել: Առավել եւս եթե խոսքը բնակելի շենքի մասին է:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանն ավելի քան մեկ տարի է որդեգրել է մայրաքաղաքի կենտրոնը շինարարությունից բեռնաթափելու եւ այն մայրաքաղաքի ծայրամասեր տեղափոխելու քաղաքականություն եւ հավանություն է տալու այս ուղղությամբ կառուցողական բոլոր այն նախագծերին, որոնք բխում են Երեւանի եւ երեւանցու շահերից:

Հ.Գ.  Կից ներկայացնում ենք Գայի պող. թ.19/71 հասցեի շինարարության վերաբերյալ Երեւանի քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պարզաբանումը:

Գայի պող. հ.19/71 հասցեով 1800.0 քմ հողամասը Երեւանի քաղաքապետի 2002թ. փետրվարի 5-ի հ.164 որոշմամբ հատկացված 3800.0 քմ հողամասի մի հատվածն է, որը ներկայումս սեփականության իրավունքով պատկանում է քաղաքացի Ռ. Կարախանյանին:

Երեւան քաղաքի գլխավոր հատակագծով 3800.0 քմ այդ տարածքը նախատեսված է կառուցապատման համար։ Այն սահմանակից  է այգուն եւ տարանջատված է նրանից հետիոտն ճեմուղով: Նշված տարածքը «Վիշապի կոթողներ» այգու տարածք չի հանդիսանում։ Նշենք նաեւ, որ, որպես ծրագրային փաստաթուղթ, գլխավոր հատակագիծը  բազմակի անգամ անցել է հասարակական լսումներ եւ ենթարկվել է համալիր փորձաքննության։

Ռ.Կարախանյանին պատկանող տարածքը հիմնականում հարում է Մոլդովական փողոցին, որը այդ հատվածից սկսած կառուցապատված է տարբեր տիպի շենքերով՝ բնակելի առանձնատուն, հյուրանոց եւ այլն։

Քննարկվող տարածքում տեղադրված հուշաքարեր չկան: Իսկ զբոսայգում տեղադրված հուշաքարերը 70-ական թվականներին Հայաստանի տարբեր շրջաններից բերված թվով ութ վիշապաքար եւ տապանաքարեր են։

Կառուցապատողին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով նախատեսված է տարածքում իրականացնել բազմաբնակարան բնակելի շենք։

Համաձայնեցված նախագծով կառույցը իր հատակագծային չափով զբաղեցնում է ավելի փոքր մակերես՝ ամբողջ տարածքի ընդամենը 36 տոկոսը, իսկ մնացած 64 տոկոսը նախատեսված է տարածքի կազմակերպման, բարեկարգման էլեմենտների եւ կանաչ գոտիների ստեղծման համար:

ՀՀ կառավարության 06.05.2010թ. «Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» հ.711-Ն որոշման կարգով նախատեսվող եւ նմանատիպ կառույցների համար համալիր փորձաքննության անցկացում  չի պահանջվում։ Նախագիծը ենթարկվել է պարզ փորձաքննության։

Տարածքում փորված երկայնական խրամուղին առնչվում է վերգետնյա գազատար խողովակի տեղափոխման եւ այն ստորգետնյա տարբերակով անցկացնելուն, ինչի վերաբերյալ կառուցապատողի պատվերով մասնագիտացված կազմակերպության կողմից կազմված է աշխատանքային նախագիծ:  
Դեռեւս 2002թ.-ից սեփականաշնորհված տվյալ տարածքի համար տարբեր ժամանակահատվածներում սեփականատերերի կողմից եղել են կառուցապատման բազմաբնույթ առաջարկներ՝ սկսած գազալիցքավորման կայանից մինչեւ առեւտրի եւ ժամանցի կենտրոն, բազմահարկ օֆիսային շենք եւ նմանատիպ այլ հասարակական բնույթի կառույցներ, որոնք քաղաքապետարանի կողմից մերժվել են:

Բնակելի տուն կառուցելու ներկա սեփականատիրոջ առաջարկին տրվել է նախապատվություն, քանի որ այն համահունչ է տվյալ միջավայրին եւ անմիջապես հարակից է բնակելի կառուցապատմանը»:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի