Մեկ քաղաքացիական անձ եւ մեկ ռազմագերի հայկական եւ ադրբեջանական կողմերից ցանկություն են հայտնել վերադառնալ իրենց երկրներ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Շերին Պոլինին: «Շարունակվում են բանակցությունները ռազմագերուն եւ քաղաքացիական անձին վերադարձնելու ուղղությամբ, սակայն առայժմ ոչ մի համաձայնություն ձեռք չի բերվել»,- նշել է Պոլինին:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Աշոտ Աստաբացյանը հայտնեց, որ տեղյակ են նման երկխոսության մասին եւ նշեց. «Բոլոր այն անձանց վերաբերյալ, որոնք հայ-ադրբեջանական հակամարտության հետեւանքով գտնվում են գերության մեջ,  մենք կոնֆիդենցիալ բանակցություններ են իրականացնում եւ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունների հետ: Եւ եթե հետագայում ինչ-որ քայլեր ձեռնարկվեն հայրենադարձության հետ կապված եւ որտեղ մեր դերը, որպես չեզոք միջնորդ կարող է պետք գալ, մենք պատրաստ ենք օգնել»:

Նշենք, որ Հայաստանում գտնվում է ադրբեջանցի երկու ռազմագերի՝ Ռոման Հուսեյնովն եւ Անար Հաջիեւը: Իսկ Ադրբեջանում 6 հայ ռազմագերի եւ 6 քաղաքացիական ներկալված կա:  Ադրբեջանական գերության մեջ են գտնվում  զինծառայողներ Հրանտ Մարկոսյանը, Ալիկ Թեւոսյանը, Արթուր Սարգսյանը, Օհան Հարությունյանը, Գեւորգ Թովմասյանն ու Կարեն Հարությունյանը, ինչպես նաեւ քաղաքացիական անձինք՝ Եղիշե, Ռուզաննա, Ալֆրեդ, Գայանե եւ Պետրոս Գեւորգյանները, որոնք անցել են ադրբեջանական սահմանը այս տարվա հունվարին: Հիշեցնենք, որ ադրբեջանական գերության մեջ զոհվել էր հայ հովիվ Մանվել Սարիբեկյանը: Վերջինս տարօրինակ հանգամանքներում մահացել էր Բաքվի բանտում: