Աստանայում ավարտվել է ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովի առաջին օրը։ Մասնակիցներից շատերի ուշադրության կենտրոնում է եղել ԵԱՀԿ անդամ երկրների տարածքներում երկարատեւ հակամարտությունների հարցը։ Ինչպես Աստանայից հայտնում է NEWS.am-ի թղթակիցը, մի շարք անդամ երկրների ղեկավարներ ընդգծել են դրանց խաղաղ ճանապարհով լուծման կարեւորությունը։

Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ներկայացուցիչները իրենց ելույթներում չեն նշել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, չնայած Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում նման հայտարարություն արվել է։

Ադրբեջանական կողմի համար իսկական սառը ցնցուղ է եղել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությունը։ Նա մասնավորապես ասել է, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի  բացառման, տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրա:

Քլինթոնն ընդգծել է, որ նշված բոլոր սկզբունքները մեկ միասնականություն են ներկայացնում, եւ դրանցից մեկը մյուսի նկատմամբ գերակա ներկայացնելը ապակառուցողական կլինի ու չի օգնի հակամարտության լուծմանը։    

Միջազգային դիտորդների կարծիքով, Աստանայի գագաթաժողովում առաջացած իրավիճակում Ալիեւի ելույթի կտրուկ ոճը պայմանավորված էր հենց դրանով։ Նրանց կարծիքով, գագաթաժողովի առաջին օրը անհաջող էր Ադրբեջանի համար։  Աստանայի գագաթաժողովի նախօրեին Ադրբեջանը քաղաքագետների մակարդակով կոչ էր անում միջազգային հանրությանը ճնշումներ գործադրել Հայաստանի վրա, որպեսզի համաձայնեցվեն հակմարտության լուծման Հիմնարար սկզբունքները, սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրների ղեկավարները նշել են, որ Հիմնարար սկզբունքների համաձայնեցման համար  որոշակի դժվարություններ կան։

Չի կայացել նաեւ Սարգսյան-Ալիեւ նախատեսված հանդիպումը, որի կապակցությամբ մեծ հույսեր էր փայփայում Ադրբեջանը։

«Ալիեւն իր ելույթում անտեսելով պետքարտուղար Քլինթոնի ելույթը, կրկին ընդգծել է իրենց համար մեկ սկզբունքի՝ տարածքային ամբողջականության գոյությունը, ինչի արդյունքում հայտնվել է անհարմար իրավիճակում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է օտարերկրյա մի դիվանագետ, ով չի ցանկացել նշել իր անունը։

Նշենք, որ դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ անդամ երկրների գագաթաժողովում չեն հասցրել ելույթ ունենալ Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանն ու Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը։ Նրանց ելույթը նախատեսվում է դեկտեմբերի 2-ին: