Աստանայում Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության ընդունմամբ արտառոց որեւէ բան տեղի չունեցավ. այն պարզապես արտացոլում է ԵԱՀԿ համանախագահների՝ հակամարտության լուծմանն ուղղված աշխատանքները։ Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքով, հակամարտության լուծման հարցում այս փաստաթուղթը հանգրվանային նշանակություն կունենա։
«Հատկանշական է, սակայն, որ այս հայտարարության մեջ նախապատվություն չի տրվում ոչ մի սկզբունքի։ Սա շատ լավ է հատկապես այն առումով , որ ԵԱՀԿ գագաթաժողովը հատուկ ուշադրություն չի դարձնում Ադրբեջանի կողմից առաջ քաշված տարածքային ամբողջականության առաջնայնության մասին սկզբունքին, որի պատճառով այդ երկիրն անընդհատ հիստերիայի մեջ է հայտնվում։ Փաստաթղթի մյուս կարեւոր հանգամանքն այն է, որ ղարաբաղյան հակամարտությունը դուրս է բերվում մյուս հակամարտությունների կարգավորման շրջանակներից եւ դիտարկվում իբրեւ առանձին գործոն։ Սա խոսում է այն մասին, որ ԵԱՀԿ-ն ղարաբաղյան հակամարտության լուծումը տեսնում են բացառապես այն սկզբունքների հիման վրա, որոնք հիմնաքար են եղել Մինսկի խմբի աշխատանքներում»,- շեշտեց թուրքագետը՝ Աստանայում ընդունված հայտարարության կարեւորագույն բաղադրիչ համարելով նաեւ հակամարտող կողմերի միջեւ զինանադադարի ռեժիմի պահպանման մասին կետը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:
Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել:





























