Խոսքը տվյալ դեպքում ոչ թե Ավարայրի հերոսի մասին է, այլ երեւանաբնակ Վարդան Մամիկոնյանի, որը 2003թ. մեղավոր է ճանաչվել ճանապարհա-տրանսպորտային կանոնները խախտելու, արդյունքում անզգուշությամբ սպանություն կատարելու մեջ։ Դրանից հետո սույն Մամիկոնյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ պնդելով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը չի ուսումնասիրել իր կողմից ներկայացրած միջնորդությունները: Եվրադատարանն արձանագրել է իրավունքի խախտման փաստը եւ պարտավորեցրել Հայաստանի Հանրապետությանը՝ 1000 եվրո տրամադրել Վարդան Մամիկոնյանին` որպես պատճառված վնասի փոխհատուցում:
Դեկտեմբերի 2-ի կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է Վարդան Մամիկոնյանի փոխհատուցումը բավարարելու հարցը։ Հիշեցնենք, որ այդ օրը կորոշվի նաեւ մեկ այլ գործով՝ Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի, 16 հազ. եվրոյի հատուցման խնդիրը։




























