Այսօր` դեկտեմբերի 1-ին Մի խումբ ճանաչված գիտնականներ (թվով 34 հոգի) հայտարարություն են տարածել ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի: 

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Վերջին շրջանում հայ հասարակության, մասնավորապես, մտավորականների, մշակույթի գործիչների, լրագրողների եւ հանրության այլ խմբերի ու անհատների ուշադրությունը սեւեռված է ազատազրկման մեջ պահվող, լրագրող («Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր) Նիկոլ Փաշինյանի շուրջ ծավալվող մտահոգիչ իրադարձությունների վրա: Հատկապես անհանգստացնող են լրագրողի կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին տեղեկությունները: Մենք՝ գիտնականներս, չենք կարող անմասն մնալ այդ մտահոգություններին թե՛ որպես հասարակության մաս, թե՛ որպես անհատներ, ում համար անընդունելի են բռնությունը եւ ազատ խոսքի սահմանափակումները: Մենք հայտարարում ենք, որ Հայաստանին անհարիր է ազատազրկման մեջ պահել լրագրողի` խախտելով միջազգային միջազգային նորմերի եւ կոնվենցիաների պահանջների: Եւ անկախ նրանից կիսում ենք Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայացքները թե ոչ, որպես մտավորականներ, քաղաքացիական մեր պարտքի թելադրմամբ, մտահոգված ներքաղաքական ճգնաժամի հաղթահարմամբ ու մեր երկրի միջազգային վարկանիշով, ինչպես նաեւ կարեւորելով հասարակության միասնականության ուղղությամբ ամեն մի քայլ, դիմում ենք Հայաստանի իշխանություններին քննարկել դատապարտված լրագրողի ազատ արձակման հնարավորությունը եւ լուծում տալ խնդրին: Հորդորում ենք նաեւ համապատասխան մարմիններին  մինչ այդ խստագույնս ապահովել Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը, թույլ չտալով որեւէ ոտնձգություն նրա անձի նկատմամբ»:

Հայտարարության տակ ստորագրել են Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ Սեն Արեւշատյանը, Լենսեր Աղալովյանը, Վլադիմիր Բարխուդարյանը, Վանիկ Զաքարյանը , Վլադիմիր Խոջաբեկյանը, Վիլեն հակոբյանը, Հանրի ներսիսյանը, Արամ Շահինյանը, Դավիթ Սեդրակյանը, ԳԱԱ թղթակից անդամներ Սիմոն Կրկյաշարյանը, Բաբկեն Հարությունյանը, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը, Լավրենտի Բարսեղյանը, եւ այլ ճանաչված գիտնականներ, թվով 34 մարդ: