Այսօր` դեկտեմբերի 1-ին ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերի գլխավորությամբ հյուրընկալվել է ՀՀ պաշտպանության նախարարությունում:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ճանաչողական-ուսումնական այցով Հայաստան ժամանած ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պատվիրակությունը բաղկացած էր քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրներից եւ պրոֆեսորա-դասախոսական անձնակազմից: Պատվիրակության մեջ եղել է նաեւ մասնակից Ադրբեջանից:

ՊՆ-ում ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի ավագ դասընթացի ունկնդիրների համար դասախոսություններով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարության, արտաքին գործերի նախարարության եւ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչները: Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը եւ ներկայացրել ՀՀ պաշտպանական քաղաքականությունը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Արման Կիրակոսյանը հանդես է եկել ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները թեմայով դասախոսությամբ:

ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետ, գեներալ-լեյտենանտ Դիտեր Լոզերը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության, կազմակերպված դասախոսությունների ու քննարկումների համար, համոզմունք է հայտնել, որ Հայաստան կատարած այցը կնպաստի քոլեջի ունկնդիրների մոտ տարածաշրջանային անվտանգության հարցերի եւ ՀՀ պաշտպանական քաղաքականության վերաբերյալ գիտելիքների խորացմանը: