Դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի կողմից ներկայացված ապացույցներն առ այն, որ «Աբովյան» ՔԿՀ-ի կանանց տեղամասի պետ Կարինե Համբարձումյանը դատապարտյալ Արեւհատ Սարգսյանի օգտին գործողություններ կատարելու համար ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի կաշառք, ինչպես նաեւ կատարել է կաշառք տվողի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն նպաստելու փորձ, խաբեությամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք։
ՀՀ գլխավոր դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Կարինե Համբարձումյանը պայմանավորվածություն է ձեռք բերել քրեակատարողական հիմնարկի՝ իր ղեկավարած տեղամասի դատապարտյալ Արեւհատ Սարգսյանի հետ՝ նրան 2008թ. հոկտեմբերին ՔԿՀ-ից կարճաժամկետ մեկնում տրամադրելու հարցում: Այն է՝ Արեւհատ Սարգսյանին դրական բնութագրելու, իր պաշտոնեական լիազորությունների սահմաններում խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին գործողություններ կատարելու դիմաց որպես կաշառք պահանջել եւ նույն ամսին Արեւհատ Սարգսյանի քույր Անահիտ Սարգսյանից «Աբովյան» ՔԿՀ-ում Կ. Համբարձումյանն անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, Արեւհատ Սարգսյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար, դարձյալ կարճաժամկետ մեկնում տրամադրելու նպատակով, 2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պահանջել եւ անձամբ նրանից ստացել է 1000 ԱՄՆ դոլար կաշառք, իսկ 2008թ. դեկտեմբեր ամսին՝ 1500 ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետեւ 2009թ. պատժի հետագա կրման համար Արեւհատ Սարգսյանին բաց տիպի ՔԿՀ ռեժիմի տեղափոխելու միջնորդությունը քրեակատարողական վարչության համապատասխան հանձնաժողովին ուղարկելու գործընթացին նպաստելու, խոչընդոտներ չառաջացնելու, նրա օգտին այլ գործողություններ կատարելուն նպաստելու դիմաց Կարինե Համբարձումյանը նրանից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 7500 ԱՄՆ դոլար կաշառք:
Սակայն գումար չունենալու պատճառով Արեւհատ Սարգսյանը չի կարողացել պայմանավորված օրը տալ իրենից պահանջված 7500 ԱՄՆ դոլարը՝ խոստանալով այն տալ հնարավորինս սեղմ ժամկետներում: Արդյունքում՝ Կարինե Համբարձումյանը, օգտագործելով այս հանգամանքը, Արեւհատ Սարգսյանից արդեն խաբեությամբ գումար հափշտակելու դիտավորությամբ, իր մտերիմներից որոշակի տոկոսադրույքներով գումարներ վերցնելու պատճառաբանությամբ, պահանջված կաշառքից բացի այլ գումարներ հափշտակելու նպատակով, ենթադրյալ անձանց տոկոսներ վճարելը Արեւհատ Սարգսյանի կողմից ուշացնելու պատրվակով, նրանից պահանջել եւ ստացել է եւս 13 300 ԱՄՆ դոլար՝ իբրեւ վերոհիշյալ 7500 ԱՄՆ դոլար գումարի տոկոսներ:
Բացի այդ, Կարինե Համբարձումյանը դատապարտյալ Արեւհատ Սարգսյանին պատժի հետագա կրումից ազատելու համար փորձել է նպաստել կաշառք տվողի՝ Արեւհատ Սարգսյանի եւ կաշառք ստացողի միջեւ կաշառքի շուրջ համաձայնության գալուն՝ Արեւհատ Սարգսյանից պահանջելով եւ ստանալով 3000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն 2010թ. փոտրվարի 4-ին Երեւանի Չարենցի փողոցում այդ 3000 ԱՄՆ դոլարը եւ վերոհիշյալ 20 800 ԱՄՆ դոլարն ստանալու պահին բռնվել եւ բերման է ենթարկվել:
Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճռով Կարինե Համբարձումյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 34-313-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով եւ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 9 տարի ժամկետով՝ 8 մլն դրամին համարժեք գույքի բռնագրավմամբ:




























