Հայաստանի Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը հաղորդագրություն է տարածել կապված «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանին «Կոշ» քրեակատարողական հիմնարկից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու փաստի հետ:

Ըստ այդմ, նշվում է, որ նրան «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելը «պայմանավորված է վերջինիս կողմից պատիժը կրելու սահմանված կարգի բազմաթիվ խախտումներով, ինչպես նաեւ դատապարտյալների հետ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելու իր վարքով, մի շարք զրպարտությունների արդյունքում մյուս դատապարտյալների հետ հարաբերությունների սրմամբ»:

«Տեղափոխման որոշումն ընդունվել է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 96-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, ըստ որի` «Պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման մեկուսացվածության առավել բարձր աստիճան ունեցող ուղղիչ հիմնարկ` պատժի կրումը շարունակելու նպատակով»:

 Լրատվության առանձին միջոցների եւ քաղաքական որոշ ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաեւ դատապարտյալի ՙճակատագրով՚ իբր մտահոգված մյուս անձանց, կոչ ենք անում զերծ մնալ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր հանցագործության համար համապատասխան պատժի դատապարտված Ն.Փաշինյանի կողմից քրեակատարողական հիմնարկում թույլ տրված ներքին կանոնակարգի խախտման առթիվ տույժերի կիրառման իրավաչափ եւ պարզ գործառույթը քաղաքականացնելուց:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ լրատվության առանձին միջոցներով հրապարակված այն տեղեկությունները, թե, իբր, քրեակատարողական վարչության կողմից նախօրեին հայտարարվել էր, որ դատապարտյալի տեղափոխումը պայմանավորված է վերջինիս անվտանգության նկատառումներով, որեւէ աղերս չունի իրականության հետ: Քրեակատարողական վարչության կողմից լրատվության որեւէ միջոցի նման տեղեկություն չի տրամադրել»,- ասված է հաղորդագրության մեջ: