ԵԱՀԿ գագաթաժողովում ղարաբաղյան հարցի վերաբերյալ տեղի ունեցավ ամենասպասված իրադարձությունը` հղում արվեց նախորդ փաստաթղթերին եւ բանակցային գործընթացը նույն ոգով շարունակելուն: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով Աստանայում Հայաստանի, Ադրբեջանի նախագահների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ընդունված համատեղ հայտարարությունը`  այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Ոչ մի նոր բան. Դարձյալ հաստատվեցին նախկինում ձեռք բերած պայմանավորվածությունները, թեեւ տվյալ դեպքում որոշակի դրական բան կա, եթե հաշվի առնել, որ բանակցությունները շարունակություն չեն գտնի», - հայտարարեց Մանոյանը:

Քաղաքական գործիչը քիչ հավանական է համարել ղարաբաղյան հարցի քննարկումը Մինսկի խմբի ձեւաչափից դուրս բերում այլ հարթություն:

 «ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սկզբունքորեն օգնում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, առավել եւս, որ միջնորդները սկսում են որոշակի անհամբերություն դրսեւորել», - նշեց Մանոյանը` ավելացնելով, որ համանախագահներն անում են հնարավորը` ռազմական գործողությունների վերսկսում թույլ չտալու համար:

«Նրանք մտավախություն ունեն, որ ինչքան ձգձվի հակամարտությունը, այնքան կաճի պատերազմի հավանականությունը: Նրանք ամեն ինչ անում են` խնդիրը շուտ լուծելու համար», - կարծում է Մանոյանը:

Ամփոփելով` դաշնակցական գործիչն ընդհանուր առմամբ դրական գնահատեց համատեղ հայտարարությունը. այն ուղղված է խաղաղ գործընթացի շարունակմանը:

«Բանակցությունների շոնրհիվ է, որ հաջողվում է տարածաշրջանում պահպանել հարաբերական խաղաղություն», - եզրափակեց Կիրո Մանոյանը: