Թուրքիան պատրաստ է աջակցել ԵԱՀԿ տարածքում ձգձգված հակամարտությունների կարգավորմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը դեկտեմբերի 2-ին Աստանայում կազմակերպության գագաթաժողովին:

«Հակամարտությունները Վրաստանի, Ադրբեջանի եւ Մոլդովայի տարածքներում պետք է կարգավորվեն տարածքային ամբողջականության եւ պետության միասնության սկզբունքների շրջանակներում, նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի»,- հայտարարել է Գյուլը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:

«Չնայած ջանքերին՝ ձգձգված հակամարտությունները չեն հաղթահարվել, ինչը խաթարում է կազմակերպության հեղինակությունը: Կարեւոր է այնպես անել, որ գագաթաժողովը շրջադարձային լինի մեր կազմակերպության համար»,- հավելել է Թուրքիայի նախագահը:

Գյուլը հանդես է եկել նաեւ քաղաքական հռչակագրի ընդունման օգտին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, դեկտեմբերի 1-ին Աստանայում մեկնարկել է ԵԱՀԿ գագաթաժողովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ղազախստանի մայրաքաղաք է ժամանել նոյեմբերի 30-ին:

Գագաթաժողովի շրջանակներում ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները՝ Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարություն էին տարածել: Նրանք նշել էին, որ ժամանակն է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը: Նրանք նաեւ հրադադարի ռեժիմի եւ վստահության միջոցների ամրապնդման լրացուցիչ քայլերի կոչ էին արել: