Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գագաթաժողովի շրջանակում ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ:

Դեկտեմբերի 1-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավարը հանդիպել է Ավստրալիայի նախկին վարչապետ, արտգործնախարար Քեւին Ռուդի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերությունների ընդլայնման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեւորվել է ավստրալահայ համայնքի դրական դերակատարությունը Հայաստանի եւ Ավստրալիայի միջեւ համագործակցության զարգացման գործում:

Զրուցակցի խնդրանքով` Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Այս ենթատեքստում Քեւին Ռուդն իր երկրի աջակցությունն է հայտնեց ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող խաղաղ գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանի հաջորդ հանդիպումը Շվեյցարիայի փոխնախագահ, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Միշլին Քալմի-Ռեյի հետ էր: Զրուցակիցները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ հարաբերությունների, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ:

Աստանայում Էդվարդ Նալբանդյանը մասնակցել է նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի հանդիպմանը, որին քննարկվել են կազմակերպության կանոնադրական մարմինների՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք նիստերի նախապատրաստական աշխատանքներն ու օրակարգը:    

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի օրակարգում էր նաեւ Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնի հետ հանդիպումը:

Նախարար Նալբանդյանը եւ փոխվարչապետ Յաալոնը քննարկել են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր: Էդվարդ Նալբանդյանի խնդրանքով Իսրայելի փոխվարչապետը ներկայացրել է մերձավորարեւելյան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: