«Առավոտ»-ը հարցազրույց է տպագրել Պաշտպանության փոխնախարար, գեներալ-մայոր Վլադիմիր Գասպարյանի հետ: Ներկայացնում ենք մի հատված զրույցից:

Պարոն Գասպարյան, եկեք սկսենք բանակում վերջին ամենաաղմկահարույց միջադեպից, երբ ԼՂՀ-ի պաշտպանական դիրքերում սպանվել է 4 զինծառայող եւ նույնքան մարդ վիրավորվել է:

Գործն ամբողջությամբ բացահայտված է: Զինծառայող Մանվել Հազրոյանը ինքնախոստովանական ցուցմունք է տվել, ընդ որում՝ փորձում է «հերոսանալ» եւ չի զղջում իր կատարած ոճրագործության համար: Վիրավոր զինվորներից երկուսը, իրարից անկախ, իրենց ցուցմունքներում հաստատել են նախաքննության վարկածը: Երրորդ վիրավորը նույնպես, Աստծո օգնությամբ, մոտ օրերս կսկսի խոսել: Հետաքրքիր է, որ սկզբնական շրջանում Հազրոյանը, պատասխանատվությունից խուսափելու համար, կատարվածը ներկայացնում էր իբրեւ հակառակորդի դիվերսիոն գործողություն, բայց իմանալով, որ երեք զինծառայող ողջ են մնացել, փոխեց իր ցուցմունքը՝ մոտենալով ճշմարտությանը: Իմ կարծիքով, որոշ դետալներում նա ամբողջ ճշմարտությունը չի ասում, բայց դա քննիչների, փաստաբանների, իսկ այնուհետեւ նաեւ՝ դատարանի խնդիրն է: Անձամբ ինձ համար այս գործում մութ տեղեր չկան: Իհարկե, պետք է կատարվեն բոլոր անհրաժեշտ փորձաքննությունները, վիրավորները պետք է ապաքինվեն, որից հետո գործը կուղարկվի դատարան:

Իսկ դրվա՞ծ է արդյոք զորամասի հրամանատարների պատասխանատվության հարցը:

ԼՂՀ պաշտպանության բանակում կատարվում է ծառայողական քննություն, որը կպարզի բոլորի պատասխանատվության չափը: Բայց ուզում եմ շեշտել, որ այս ողբերգությունը չի ունեցել նախապատմություն, չի եղել ծեծ, ստորացում, չեմ եղել հին հաշիվներ, վրեժ: Դեպքերը զարգանում էին շատ արագ, դինամիկ, իսկ պատճառը դատարկ էր ու չնչին: Սակայն չմոռանանք նաեւ, որ այդ ամենը տեղի է ունեցել շփման գծում՝ դրան հատուկ հոգեբանական լարվածությամբ:

Լրագրողները եւ իրավապաշտպանները բողոքում են նաեւ, որ բանակում կատարված դեպքերի մասին պաշտոնական տեղեկատվությունը հաղորդվում է ուշացումով, ինչը կասկածների տեղիք է տալիս:

Ձեր այդ կասկածները բացարձակապես անհիմն են: Պաշտոնապես հայտարարում եմ. բանակում ոչ մի միջադեպ չի կոծկվելու, եւ ոչ մի հանցագործություն անպատիժ չի մնալու: Երեք փորձենք իրար հասկանալ՝ դա է ամենակարեւորը: Ես ձեզ հասկանում եմ. ձեզ՝ լրատվամիջոցներիդ պետք է շատ իմանալ փաստի մասին եւ որքան հնարավոր է՝ արագ հաղորդել՝ առաջ անցնելով մրցակիցներից: Ոմանց էլ պետք է քաղաքական, գրանտային, նյութական, անձնական պատճառներով բանակում կատարված դեպքերը շահարկել՝ իրականությունը խեղաթյուրելով: ...Կրկնում եմ եւ խնդրում եմ դա գրել խոշոր տառերով. ԲԱՆԱԿՈՒՄ ՈՉ ՄԻ ՄԻՋԱԴԵՊ ՉԻ ԿՈԾԿՎԵԼՈՒ, ՈՉ ՄԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ ԱՆՊԱՏԻԺ ՉԻ ՄՆԱԼՈՒ՝ անկախ նրանից, թե ով է այդ հանցագործությունը կատարել: