«Առավոտ»-ի հավաստի տեղեկություններով` «Զվարթնոց» օդանավակայանում արդեն մի քանի շաբաթ է` պահվում է Կոտ Դ’Իվուարի մի քաղաքացի, ով ՀՀ է ժամանել Թուրքիայից եւ փաստաթղթային խնդիրներ ունի, ինչի պատճառով հայ սահմանապահները նրան չեն թողնում օդանավակայանից դուրս գալ:
Թերթի տեղեկություններով` նրան արտաքսել են Թուրքիա, որտեղից էլ նույն ձեւով արտաքսվել է Հայաստան: Ըստ որոշ լուրերի`մի քանի օր առաջ նա աղմուկ է բարձրացրել օդանավակայանում, թե` ինձ այստեղ սոված-ծարավ պահում եք, վատ եք վարվում հետս: Աղմուկից հետո հայ սահմանապահները նրան ձեռնաշղթաներ են հագցրել եւ նույնիսկ բռնության ենթարկել:
«Զվարթնոց» օդանավակայանի լրատվական բաժնից թերթին ասել են, որ սահմանապահ զորքերի հետ որեւէ առնչություն չունեն, ոչինչ չեն կարող ասել այդ պատմության մասին, եւ թերթից են առաջին անգամ լսում: Սակայն ոստիկանակությունում թերթի աղբյուրները ճշտել են այդ տեղեկությունները, միայն հիշեցրել են, որ սահմանապահ զորքերի հետ իրենք առնչություն չունեն, դրանք պատկանում են Ազգային անվտանգության ծառայությանը: ԱԱԾ-ի հետ երեկ թերթին այդպես էլ չի հաջողվել կապ հաստատել:





























