Ղազախստանի նախագահն ընդմիջում է հայտարարել Աստանայում ԵԱՀԿ գագաթաժողովի լիագումար նիստում որպեսզի կողմերը կարողանան համաձայնեցնել գագաթաժողովի ամփոփիչ փաստաթուղթը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն Աստանայից:
«Մենք կվերսկսենք աշխատանքը ժամը 15-ին»,- ասել է Ղազախստանի նախագահը:
Ինչպես նոյեմբերի 30-ին հայտնել էր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը, Աստանայի հռչակագրում, որն ընդունվել է գագաթաժողովի արդյունքներով, առաջարկվում է ամրապնդել վերահսկողությունը սպառազինությունների նկատմամբ, նաեւ խստացնել ԵԱՀԿ գործունեությունը տրանսատլանտյան մարտահրավերների դեմ պայքարում:
Բացի այդ, «ԵԱՀԿ լիազորությունների գոտում հակամարտությունների ռիսկերի նվազեցման նպատակով հատուկ ուշադրություն պետք է դարձվի ազգամիջյան եւ միջկրոնական հանդուրժողականությանը»,- հաղորդում է Kazakhstan Today-ը:





























