Ռուսաստան վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաալիքի հաղորդավար Լարի Քինգին տված հարցազրույցի ժամանակ կոնֆուզ է գրանցվել։ Իր «խուճուճ» հարցերով հայտնի լեգենդար հաղորդավարը չի կարողացել պատասխանել Ռուսաստան վարչապետ Վլադիմիր Պուտինի հարցին։ Պուտինը հետաքրքրվել է, թե ինչո՞ւ է Քինգը հեռուստատեսությունից հեռանում։
Պուտին. Կարելի՞ է Ձեզ մի հարց տալ։ Չգիտեմ՝ ինչու, բայց արքան հեռանում է։ Ամերիկյան լրատվամիջոցներում շատ են տաղանդավոր եւ հետաքրքիր մարդիկ, սակայն արքան մեկն է։ Ես չեմ հարցնում, թե ինչու է նա հեռանում, բայց ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում, ե՞րբ կկարողանանք բացականչել «Կեցցե արքան»։ Ե՞րբ կգա մի մարդ, ով այնքան հայտնի կլինի աշխարհում, ինչպես Դուք։
Քինգ. Շնորհակալ եմ Ձեզ։ Ես այդ հարցին պատասխան չունեմ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 76-ամյա Քինգը հունիսին հայտարարել էր, որ 25 տարի շարունակ հեռարձակված եւ դրա շնորհիվ Գինեսի ռեկորդների գրքում հայտնված իր Larry King Live հաղորդումը գործունեությունը կդադարեցնի այս տարվա աշնանը։ Իր երկարատեւ կարիերայի ընթացքում Քինգը վարել է ավելի քան 40 հազար հարցազրույց կինոաստղերի, քաղաքական գործիչների, գործարարների եւ հասարակական գործիչների հետ։ Նա հանդիսանում է հեռուստատեսային եւ լրագրողական բազմաթիվ մրցանակաբաշխությունների դափնեկիր, ինչպիսիք են Emmy-ն, Peabody-ը եւ Cable ACE-ը։
CNN հեռուստաալիքն արդեն ընտրել է ամենօրյա թոք-շոուի հաղորդավարին, ով երեկոյան եթերում կփոխարինի Լարի Քինգին, հայտնում է Associated Press-ը։ 2011-ից CNN-ի նոր հաղորդավար կդառնա Americas got talent (Ամերիկան տաղանդներ է փնտրում) ծրագրից հայտնի Փերիս Մորգանը։
Նշենք, որ Քինգի հարցազրույցը Պուտինի հետ առաջին անգամ կայացել է 2000 թվականին: Հաղորդավարի «Իսկ ի՞նչ պատահեց «Կուրսկ» սուզանավի հետ» հարցին Պուտինը պատասխանել էր. «Այն խորտակվել է»։




























