Երկօրյա պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ է ունեցել հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում, որի անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Խորվաթիայի նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում։ Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ հարյուր գործարարներ։ Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Նախագահ Սարգսյանն այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին։ Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին։ Ապա այցելել է նաեւ խոշոր քաղաքական-պետական գործիչ Տիտոյի` Վելիկի Բրիյուն կղզում գտնվող տուն-թանգարանի վերածված ամառային նստավայր, որտեղ ծանոթացել է ցուցանմուշներին ու վավերագրերին։ Խորվաթիայի նախագահ Ստեպան Մեսիչի ուղեկցությամբ՝ Սերժ Սարգսյանը եղել է Տիտոյի կողմից տասնամյակներ առաջ կառուցված գինետանը։
Սեպտեմբերի 8-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան։



















