«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Կարինե Հակոբյանին վրդովեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Աստանայում տեղի ունեցող ԵԱՀԿ գագաթաժողովում արած հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիան վերսկսելու դեպքում Հայաստանը չի ունենա այլ ընտրություն, քան ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դե յուրե եւ իր բոլոր հնարավորությունները ներդնել Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման համար»:
«Իսկ եթե Ադրբեջանը չշարունակի, ուրեմն մենք չպիտի՞ ճանաչենք: Այսինքն, մենք սպասում ենք Ադրբեջանի քայլի՞ն: Մենք սպասում ենք, որ Ադրբեջանը դիմի ռազմական գործողությունների՞»,-հարց ուղղեց Հակոբյանը եւ ընդգծեց, որ արտաքին քաղաքականության մեջ սպասելն ամենավտանգավոր բանն է, ինչի մասին է վկայում նաեւ նախորդ դարասկզբի հայոց պատմությունը: «Մենք այսօր կարող ենք մեր հայրենիքի տերը լինել, եւ երբեք դաս չենք առնում մեր պատմությունից»,-հայտարարեց բանախոսը:
Նա նաեւ նշեց, որ «Ժառանգությունը» ԼՂ անկախությունը ճանաչելու օրենքի նախագիծ է ներկայացրել, որը սակայն չի ընդունվել ԱԺ-ի կողմից: «Հայաստանը պետք է ինքը որոշի իր քաղաքականությունը,եւ ոչ թե սպասի, թե ուրիշներն ինչ են անում, որ նոր պատասխանի»,-ասաց նա:
Կարինե Հակոբյանը խոսեց նաեւ «ֆուտբոլային դիվանագիտության» մասին եւ նշեց, որ «ֆոտբոլային դաշտում» ոչ միայն հարձակվողներ չունենք, այլ նաեւ միջին դաշտ չունենք: «Մենք դարպասի մոտ կուչ ենք եկել»,-հայտարարեց «Ժառանգության» քատրուղարը:




























