Միջազգային լրատվամիջոցները շարունակում են հրապարակել ամերիկացի դիվանագետների գրագրության մասին WikiLeaks-ի գաղտնազերծած նյութերը:
Բրիտանական The Guardian-ը գրում է, որ Ռուսաստանում պաշտոնյաները, օլիգարխները եւ կազմակերպված հանցագործությունը սերտորեն կապված են եւ միասին «վիրտուալ մաֆիոզ պետություն» են կառուցել երկրի տարածքում: Հրապարակված նյութերից դատելով, ԱՄՆ ներկայացուցիչները մտորում են հանցագործ աշխարհի հետ Պուտինի հնարավոր կապերի մասին:
Զենքի անօրինական առեւտուր, փողերի լվացում, մարդկանց անձնական հարստացում, պետական կառույցների կողմից հանցագործների պաշտպանություն, դրամաշորթություն, «օտկատներ», օֆշորային գոտիներում գաղտնի հաշիվներ ունենալ. այսպես են ներկայացնում ամերիկացի դիվանագետները ռուսական իրականությունը:
Ինչպես նշում է The Guardian-ը, դա դեռ մեղմ նկարագրություն է: Եթե հաշվի առնենք, որ Ռուսաստանում կաշառակերության ընդհանուր գծավալը կազմում է տարեկան շուրջ 300 մլրդ դոլար, որը հաճախ շատ քիչ է տարբերվում կազմակերպված հանցագործությունից:
Ամերիկացի պաշտոնյաների բարձր հայտարարությունների շարքում նշվում է, որ ռուս լրտեսները չեն խորշում օգտվել խոշոր քրեական հեղինակությունների ծառայություններից, մասնակցելով, մասնավորապես, զենքի ապօրինի թրաֆիկով:
Այնպիսի կառույցներ, ինչպիսիք են իրավապահ մարմինները, դատախազությունը եւ հետախուզական ծառայությունները, փաստացիորեն, հովանավորում են ռեկետ անողներին, ասված է գրառումներում:
Կաշառակերությունը դարձել է զուգահեռ հարկային համակարգ, որը ծառայում է ոստիկանների, պաշտոնյաների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների անձնական հարստացմանը, գրում է բրիտանական թերթը:
Ինչ վերաբերում է Պուտինին, ամերիկացի դիվանագետները լուրեր են փոխանցում, որ նա անօրինական եկամուտներ ունի, որոնք հետեւողականորեն թաքցվում են արտասահմանում:
Արեւմտյան քննիչները, որոնք Իսպանիայում զբաղվել են «ռուսական մաֆիայով», պարզել են, որ դրանում ներգրավված են ռուս դատախազներ, ՊՆ աշխատակիցներ, ինչպես նաեւ մի շարք քաղաքական գործիչներ:
Ամերիկացի դիվանագետների գրառումներից հետեւում է, որ ԱՄՆ իշխանությունները վստահ են եղել, որ Պուտինը շատ լավ տեղեկացված է եղել 2006 թվականին Լոնդոնում Ալեքսանդր Լիտվինենկոյին վերացնելու գործողության մասին: Հաղորդում է Newsru.com-ը:





























