Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական խորհրդի անդամները բողոքի ակցիա են անցկացրել Եվրոպայի խորհրդի հայաստանյան ներկայացուցչության մոտ եւ նամակ են հղել ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտին ու Ժորժ Կոլոմբիեին:

Նամակում մասնավորապես նշված է այն մասին, որ ՀՀ իշխանությունները վերստին ոտնահարում են ԵԽ որոշումները, հատկապես 1677 բանաձեւի 5.3 կետը, ըստ որի՝ ընդհատակում գտնվող քաղբանտարկյալները, որոնք մինչեւ հուլիսի 31-ը ներկայանան իրավապահ մարմիններին, մինչեւ դատավարության ավարտը կլինեն ազատության մեջ: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանն ինքնակամ ներկայացավ իրավապահ մարմիններին եւ այդ կետի պահանջները նրա նկատմամբ չկիրառվեցին, ավելին, նրան անմիջապես ձերբակալեցին: ՀԱԿ երիտխորհրդի անդամները համազեկուցողներից պահանջել են համապատասխան միջոցներ ձեռնարկել բանաձեւի կետի իրականացումն ապահովելու ուղղությամբ: