Այսօր` դեկտեմբերի 2-ին Եվրոպական խորհրդարանը հայտարարություն կընդունի Հայաստանում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա վիճակի մասին:

Հայտարարությունը կհնչեցվի Բրյուսելում ծավալված երկկողմ քննարկումների ավարտին, որոնք ընթանում էին Եվրամիության եւ Հայաստանի միջեւ ստորագրված համագործակցության եւ գործընկերության համաձայնագրի շրջանակներում վերջին երկու օրերին: Հայկական կողմից այս քննարկումներին մասնակցում են ԱԳ փոխնախարար Կարինե Ղազինյանը եւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Փաստաթղթում, որ կներկայացվի այսօր, խիստ քննադատություն է հնչեցվում: Օրինակ, մի դրույթ է շրջանառվում պատգամավորների շրջանում, որում նշված է Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալների առկայության մասին: Եվրոպական խորհրդարանը կոչ է անում վերջ տալ լրագրողների դեմ հարձակումներին, հիշատակվում են նաեւ այն թերությունները, որ առկա են երկրի արդարադատության համակարգում», - նշել է «Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելի թղթակից Դան Ալեքսն ու հավելել. «Եթե ամբողջ փաստաթուղթն ենք դիտարկում, ապա այն, ընդհանուր առմամբ, դրական բնույթ ունի: Այստեղ հիշատակված է Հայաստանի առաջընթացը մի շարք բնագավառներում, օրինակ` տնտեսության կամ մարդու իրավունքների ոլորտներում: Սակայն այն, թե ինչպես են ներկայացվել լրատվական դաշտում տիրող իրավիճակը կամ արդարադատության համակարգի թերությունները` այստեղ, իհարկե, շատ խիստ գնահատականներ կան»: