Կյանքի ապահովագրությունը կարող է Հայաստանի համար տնտեսական լուրջ առաջընթաց ապահովել՝ համոզված է «Ռոսգոսստրախ» ընկերությունների խմբի նախագահ Դանիիլ Խաչատուրովը։ Նրա կարծիքով՝ դա պետք է լինի Հայաստանի կառավարության հաջորդ քայլը՝ պարտադիր ավտոապահովագրության ներմուծումից հետո։

Շնորհիվ կյանքի ապահովագրության՝ ապահովագրության կշիռը ՀՆԱ-ում կբարձրանա մինչեւ 2-3 տոկոս, թեեւ Մեծ Բրիտանիայում, օրինակ, 15 տոկոս է։

Կյանքի ապահովագրության առավելությունն այն է, որ ստեղծում է «երկար» փողեր, որ այնքան անհրաժեշտ են տնտեսությանը։

Ըստ Դ. Խաչատուրովի՝ 2 ինստիտուտներ կան, որ կարողանում են երկար փողեր ստեղծել։ Մեկը կենսաթոշակային ֆոնդերն են, մյուսը՝ կյանքի ապահովագրությունը։ Դ. Խաչատուրովը օրինակ բերեց Չինաստանին, որտեղ գոյություն չունի կենսաթոշակային համակարգ, դրա փոխարեն խիստ զարգացած է կյանքի ապահովագրությունը։ Նա կոչ արեց մեր քաղաքացիներին՝ ինքնուրույն մտածել ապահով ծերության մասին եւ հույսը չդնել պետական թոշակների վրա։