2026 թվականի հոկտեմբերի 8-ին ջրի՝ սնդիկով աղտոտման և թունավորման մասին տեղեկությունների ֆոնին, Հայաստանը վավերացրեց Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 11-րդ հոդվածը՝ առողջության պաշտպանության իրավունքի վերաբերյալ։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր, առողջապահության ոլորտի կազմակերպիչ Անուշ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Սա պարզապես միջազգային փաստաթղթի վավերացում չէ։ Սա նաև պետության պատասխանատվության, հանրային առողջության պաշտպանության և հիվանդությունների կանխարգելման մասին է։
Իսկ ի՞նչ է ենթադրում այդ պատասխանատվությունը։
Առողջությանը վնասող պատճառների վերացում։ Պետությունը պետք է միջոցներ ձեռնարկի առողջության վատթարացման պատճառները հնարավորինս վերացնելու համար։ Ջրի և օդի աղտոտման ռիսկերը, շրջակա միջավայրի վտանգները և դրանց ազդեցությունը մարդու առողջության վրա հենց այն խնդիրներից են, որոնք պահանջում են հետևողական պետական վերահսկողություն։
.Առողջապահական կրթություն և իրազեկում։ Բնակչությունը պետք է ստանա ոչ թե ուշացած, հակասական կամ ձևական հաղորդագրություններ, այլ ժամանակին տրամադրվող, գիտականորեն հիմնավորված տեղեկատվություն՝ առողջության ռիսկերի և դրանցից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ։
.Հիվանդությունների և դժբախտ պատահարների կանխարգելում։ Պետության պարտականությունը միայն հետևանքներին արձագանքելը չէ։ Այն նաև ռիսկերը ժամանակին բացահայտելն ու հնարավոր վտանգները կանխելն է։
Եվ այստեղ առաջանում է գլխավոր հարցը։
Առողջապահության նախարարությունը պատրա՞ստ է իրականացնել այս պարտավորությունները։
Երբ հանրային առողջության համար վտանգների մասին տեղեկությունները դառնում են հանրային քննարկման առարկա, քաղաքացիներն իրավունք ունեն պահանջելու հստակ պատասխաններ՝ ի՞նչ է տեղի ունեցել, ինչպե՞ս է գնահատվել վտանգը, ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել և ո՞վ է պատասխանատու վերահսկողության համար։
Իսկ եթե պետական կառավարման համակարգում կադրային քաղաքականությունը, մասնագիտական կարողությունները և պատասխանատվության մեխանիզմները մտահոգիչ հարցեր են առաջացնում, ապա միջազգային պարտավորությունների ստանձնումը պետք է ուղեկցվի նաև այդ խնդիրների լուծմամբ։
Խարտիայի 11-րդ հոդվածը վավերացնելը մեկ բան է, իսկ դրա պահանջներն իրականացնելը՝ բոլորովին այլ։
Այդ հոդվածը ինքնաբերաբար չի մաքրելու ջուրը, չի կանխելու աղտոտումը, չի բարելավելու լաբորատոր վերահսկողությունը և չի ապահովելու հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգ։ Դրա համար անհրաժեշտ են մասնագիտական կարողություններ, գործող վերահսկողություն, հստակ պատասխանատվություն և չափելի արդյունքներ։
Ուստի հարցը ոչ թե այն է, թե որքան գեղեցիկ է հնչում միջազգային պարտավորություն ստանձնելու մասին հայտարարությունը, այլ այն, թե ինչ է փոխվելու Հայաստանի քաղաքացու կյանքում։
Հ․Գ․ Կադրերը որոշում են ամեն ինչ։ Իսկ հանրային առողջության ոլորտում սխալ կադրային որոշումների գինը վճարում է հասարակությունը»։




























