Իրանի դեմ մարտական գործողությունների վերսկսման դեպքում ԱՄՆ-ն կարող է կիրառել իր զինանոցի ամենահզոր ոչ միջուկային զինատեսակը՝ «բոլոր ռումբերի մայրը»։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ամերիկացի զինվորականներին։
«Ամերիկյան հրամանատարությունը հարվածների նոր ծրագրեր է մշակել, որոնք նախատեսում են այսպես կոչված «բոլոր ռումբերի մոր» հնարավոր կիրառումն իրանական էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածելու համար, եթե նախագահ Դոնալդ Թրամփը ռազմական գործողությունները վերսկսելու հրաման տա միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո»,- նշվում է հեռուստաալիքի կայքի հրապարակման մեջ, որտեղ հղում է արվում ամերիկյան բազմաթիվ ռազմական աղբյուրների։
Նշվում է, որ խոսքը ԱՄՆ ռազմական զինանոցի ամենախոշոր ոչ միջուկային զինատեսակի՝ GBU-43/B MOAB ռումբի մասին է։ Հատկանշական է, որ հեռուստաալիքի զրուցակիցները կասկած են հայտնել, թե դրա կիրառումը թույլ կտա հասնել Մերձավոր Արևելքում ամերիկացիների որևէ ռազմավարական նպատակի կամ փոխել ուժերի հարաբերակցությունը։ Այդուհանդերձ, նրանք ընդգծում են, որ նման քայլը կհանգեցնի հակամարտության կտրուկ էսկալացիայի։





























