Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ժամը 14:00-ի սահմաններում, Իսակովի պողոտայի վրա՝ Ոստիկանության ակադեմիայից ներքեւ, «Շկոդա» մակնիշի 11 ՏՕ 838 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, չկարողանալով կառավարել մեքենան, բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով մարմնական թեթեւ վնասվածներ է ստացել։ Այս մասին դեպքի վայրից NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայր են ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության ախատակիցներն ու ճանապարհային ոստիկանության հետաքննիչը։

Վթարը նկարահանելու ժամանակ մեքենայի վարորդը եւ նրա ընկերը հայհոյանքներ եւ սպառնալիքներ տեղալով հարձակվել են Գագիկ Շամշյանի վրա՝ խոչընդոտելով նրա աշխատանքը։ Այդ ամենին ականատես են եղել ճանապարհային ոստիկանության հատուկ վաշտի ոստիկանները, որոնք ոչ միայն չեն փորձել կարգի հրավիրել վերջիններիս, այլեւ կանգնած ուրախացել-հրճվել են։ Նրանցից մեկն անգամ սպառնացել է ֆոտոլրագրողին, որ լուսանկարչական ապարատը կխլի նրա ձեռքից։ Վթարի ենթարկված մեքենայի վարորդը եղել է Ախալքալաքի բնակիչ 61-ամյա Յուրի Աթանեսյանը:

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի