WikiLeaks-ը լույս է սփռել եւս մեկ խնդրի վրա, որը հրաժարվել են մեկնաբանել պաշտոնական Անկարան եւ Վաշինգտոնը:

Գերմանիայում ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մերֆիի՝ 2009թ. նոյեմբերի 12-ի նամակում հստակ ասվում է Թուրքիայում ԱՄՆ ատոմային զենքի առկայության մասին:

Նամակում դեսպանը ներկայացնում է Գերմանիայի կանցլերի խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի եւ ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման մանրամասները, նշելով, որ Քրիստոֆ Հոյսգենն արտահայտվել է Գերմանիայի տարածքից ատոմային զենքի դուրսբերման օգտին:

Ի պատասխան ամերիկյան դիվանագետը նշել է, թե Գերմանիայից, Բելգիայից եւ Նիդեռլանդներից ատոմային զինամթերքի դուրս բերման դեպքում «քաղաքականապես բարդ կլինի դրա առկայությունը Թուրքիայում»:

Նշված երկրներում, ըստ Wikilekas-ի փաստաթղթի, տեղակայված են ամերիկյան B-61 տիպի 200 ատոմային ռուբեր, որոնք բազմիցս գերազանցում են Հիրոսիմայի վրա նետված ռումբի ուժգնությունը:

Ինջիրլիք ռազմակայանում 90 ավիացիոն ռումբերի տեղակայման մասին լուրը բազմիցս է հրապարակվել Թուրքիայի եւ արեւմտյան լրատվամիջոցների կողմից, սակայն Թուրքիայի եւ ԱՄՆ-ի իշխանություններն այն չեն մեկնաբանել: Անկարան այն չի մեկնաբանում նաեւ Wikileaks-ի կողմից տեղեկատվության հրապարակումից հետո: