ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում Ռոբերտ Բրադկեի նշանակումը ցույց է տալիս, թե ինչ լրջությամբ է Միացյալ Նահանգները մոտենում ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։ Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայ Ազգային Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնախմբի համակարգող Վլադիմիր Կարապետյանը։

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում է նշանակել Ռոբերտ Բրադկեին։ Նշենք, որ Ռոբերտ Բրադկեն, որը համախանագահի պաշտոնում փոխարինել է Մեթյու Բրայզային, այս տարվա հուլիսին ավարտել է Խորվաթիայում ամերիկյան առաքելության եռամյա ղեկավարությունը, իսկ դրանից առաջ՝ 2001-2004 թվականներին եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպական եւ Եվրասիական հարցերով օգնականը, ՆԱՏՕ-ի եւ ԵԱՀԿ հարցերով պատասխանատուն։

«Փորձառու դիվանագետ է նշանակված , որը տեւական ժամանակ զբաղվել է կոնֆլիկտային հարցերով, հատկապես իր վերջին նշանակումը եղել է թեժ գոտիներից մեկում։ Իր համար նորություն չեն այն խնդիրները, որոնց պետք է ձեռնամուխ լինի այս պաշտոնում։ Իսկ այն, որ դեսպանի կոչում ունեցող մարդ է նշանակված համանախագահի պաշտոնում, ցույց է տալիս այն լրջությունը, որով ԱՄՆ-ի այսօրվա վարչակազմը մոտենում է խնդրին», նշեց Վլադիմիր Կարապետյանը։