ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կապակցությամբ աշխարհի նախկին թիվ մեկ ռակետ Սերենա Ուիլյամսը մասնակցել է ուշագրավ մի բարեգործական ակցիայի «Վիրտուալ կյանքի զոհը» անվամբ:
Նա դիմել է հանդիսականներին հետեւյալ խոսքերով. «Այսօր ես մեռնում եմ: Ես զոհում եմ իմ վիրտուալ կյանքն իրական կյանքերի փրկության համար: Եթե ուզում եք, աջակցեք ՁԻԱՀ-ի դեմ պայքարին, եւ այն ժամանակ ես կվերադառնամ»,- ասել է Ուիլյամսը Twitter-ի իր միկրոբլոգում:
Լեգենդար թենիսիստուհին դեկտեմբերի 1-ից սառեցրել է իր էջերը Twitter, Facebook եւ MySpace ցանցերում: Դրանք չեն աշխատի, քանի դեռ «Փրկիր երեխայի կյանքը» ակցիան չի հավաքել 1 միլիոն դոլար:
Հիմնադրամի նախաձեռնողը երգչուհի Ալիշա Քիզն է, որին միացել են Ջասթին Թիմբերլեյքը, Աշերը, Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Հադսոնը, Էլայջա Վուդը:
Ակցիայի որոշ մասնակիցներ համաձայնվել են պառկել դագաղների մեջ եւ լուսանկարվել:




























