Մեկի սեփականության դեմ մեկ այլ անձի կողմից կատարվող ոտնձգությունները նորություն չեն մեր երկրում: Մի օր կարող ես քո սեփականություն հանդիսացող կացարանում արթնանալ բուլդոզերի ձայնից, ու կպարզվի, որ քեզ պատկանող չորս պատն այլեւս քոնը չէ, այլ ճարպիկ մեկինը, ով պետական ապարատում ծանոթ կամ բարեկամ ունի, հետեւապես կարող է սեփականաշնորհել ամեն ինչ՝ տարածք, շենք ու շինություն….Փույթ չէ, որ դրանք արդեն իսկ սեփականատեր ունեն:
NEWS.am-ին դիմած քաղաքացիներից մեկի պատմությունն էլ մոտավորապես նույն սցենարով զարգանալու միտում ունի, բայց առայժմ բանը բուլդոզերին չի հասել, թեեւ կացինն իրենն արդեն արել է՝ ծառեր են հատվել հերթական օբյեկտի շինարարությունը կազմակերպելու համար:
Մեզ է դիմել Աջափնյակ վարչական տարածքի բնակիչ 73-ամյա Գեորգի Աղեկյանը, ով 1998 թվականին Շիրազ-Մազմանյան փողոցների հատման մասում տեղադրել է 16,5 ք/մ մակերեսով մետաղյա տաղավար, այն ժամանակվա բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով եւ նորմերով, եւ շուրջ 12 տարի այդ տաղավարում առեւտուր է կազմակերպել: 2004 թվականին դիմել է Երեւանի քաղաքապետարան՝ թույլտվություն ստանալու` իրեն պատկանող 16,5 քմ տարածքը սեփականացնելու համար: Աղեկյանը 2004 թվականին գրանցել է իրեն պատկանող անշարժ գույքը կադաստրի տեղային ստորաբաժանմունքում եւ ստացել սեփականության վկայական: 2005 թվականին խնդրել է երկարացնել պայմանագիրը եւ բացի դա, եթե հնարավոր է՝ 16,5 ք/մ հողատարածքի փոխարեն հատկացնել 35,0-40,0 ք/մ եւ ավելի տարածք, քանի որ տաղավարի կողքերում եւ առաջնամասում եղել է ազատ տարածք: Քաղաքապետարանը, պատասխանելով քաղաքացու դիմումին, հայտնել է, որ Շիրազ-Մազմանյան փողոցի հատման մասում վարձակալությամբ տրամադրված 16,5 ք.մ. մակերեսով հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում: Մի տարի անց քաղաքացին կրկին դիմել է քաղաքապետարան, խնդրելով երկարաձգել վարձակալության ժամկետը եւ տալ կառուցապատելու կամ բարեկարգելու թույլտվություն: Քաղաքապետարանը պատասխանել է՝ «Հողամասի վարձակալության ժամկետը հնարավոր է երկարաձգել անորոշ ժամկետով եւ Երեւանի քաղաքապետարանի առաջին իսկ պահանջի դեպքում ենթակա է ապամոնտաժման առանց փոխհատուցման»: Աղեկյանը կրկին դիմել է քաղաքապետին՝ իրեն օրենքով սահմանված կարգով հողահատկացում կատարելու խնդրանքով, եւ կրկին մերժվել:
2009-ին Երեւանի քաղաքապետի որոշմամբ հերթական դիմումի համաձայն երկարացվել է հողի վարձակալության ժամկետը մինչեւ 2012 թվական: Սակայն քաղաքապետարանը գրավոր հայտնել է, որ տվյալ տարածքը ՀՀ հողային օրենսգրքի համապատասխան հոդվածով չի կարող տրամադրվել կառուցապատման կամ այլ իրավունքով: Ուշագրավն այն է, սակայն, որ տվյալ հողատարածքը տրամադրվել է կառուցապատման իրավունքով մեկ այլ անձի Անժելա Հարությունյանին, այն դեպքում, երբ Աղեկյանի նույնաբովանդակ խնդրանքը մերժվել է: Իրականում, սակայն, Անժելա Հարությունյան անձի ետեւում մեկ այլ անձ է՝ Ռուբեն Հայրապետյանը, ով Ապարանի նախկին քաղաքապետն է, ներկայումս էլ Ապարանի գազի գրասենյակի ղեկավարը: Նրա ապարանյան ծագումը, ավելի ստույգ՝ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ բարեկամական կապերը թույլ են տվել օրենքը շրջանցել: Ուշագրավ է նաեւ այն հանգամանքը, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը, որտեղ էլ տեղակայված է խնդրո առարկա տարածքը, դատախազի եղբայր Ռուբեն Հովսեփյանն է:
Հատկանշական է, որ Անժելա Հարությունյանը կառուցապատումն իրականացնելիս խախտել է իր՝ Աղեկյանի տաղավարի սպասարկման տարածքը եւ շինարարությունն իրականացրել է քաղաքաշինության նորմերի կոպիտ խախտումներով, որը սակայն, համապատասխանում է Երեւանի քաղաքապետարանի կողմից հաստատված նախագծին:
Ի դեպ, տարածքում նաեւ մոտ մեկ տասնյակի հասնող հաստաբուն ծառեր են կտրվել նոր շինությունը կառուցելու համար: Այդ նախագծում հետագա կառուցապատման դեպքում Աղեկյանին պատկանող տաղավարը ընդհանրապես չի երեւում: Երեւանի քաղաքապետարանը Վարչական վարույթն իրականացնելիս տեղյակ լինելով, որ Աղեկյանն օրենքով սահմանված կարգով տարածքը վարձակալել է, այնուամենայնիվ մասնակից չեն դարձրել վարչական վարույթին՝ մեկուսացնելով տվյալ հարցի շուրջ քննարկումներից: Տեղեկանալով նշված գործողությունների մասին քաղաքացին դիմել է Երեւանի քաղաքապետարան, խնդրելով տրամադրել խնդրո առարկա տարածքում իրականացվող կառուցապատման հետ կապված բոլոր փաստաթղթերը, սակայն որեւէ պատասխան առ այսօր չի ստացել: Քաղաքացին այս մասին օգոստոսի 10-ին նամակ է հղել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին: Նամակներին պատասխան առայժմ չի տրվել: Քաղաքացին դիմել է վարչական դատարան. գործով դատավորը Արծրունի Միրզոյանն է: Դատարանը գործը վարույթ է ընդունել հոկտեմբերի 1-ին: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը՝ մնում է միայն ենթադրել, հաշվի առնելով այն, որ գործում շոշափվում են գլխավոր դատախազի բարեկամի շահերը:
Ելենա Գեւորգյան


































