Թուրքիան կարեւոր դեր կխաղա դեպի Եվրոպա նոր երթուղիներով էներգառեսուրսներ արտահանելու համար։ Reuters գործակալությանը տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը։

«Եթե քաղաքական միջավայրը հարմար լինի, ռուսական ռեսուրսները կլրացվեն Կովկասից, Կենտրոնական Ասիայից եւ Իրանից կատարված մատակարարումներով»,- ասել է Գյուլը։

Նրա խոսքով, նավթի եւ գազի դիվերսիֆիկացված աղբյուրները նշանակություն կունենան եվրոպական երկրների համար։ Այս դեպքում Թուրքիան կդառնա էներգետիկ այլընտրանքային երթուղի։

Թուրքիայի նախագահը նշել է նաեւ, որ ԵՄ մուտք գործելն առաջնայնություն է մնում իր երկրի համար։ Այդ հարցն, ըստ նրա, քաղաքականացված է, եւ գործընթացին խանգարում են արհեստական խոչընդոտները:

«Կիպրական հարցը դրա վկայությունն է: Որոշ կողմեր այդ խնդիրն օգտագործում են իբրեւ առիթ` Թուրքիայի դեմ խոսելու համար: Մենք սկսել ենք ԵՄ մուտք գործելու շուրջ բանակցություները եւ շատ վճռական ենք տրամադրված դրանք ավարտելու հարցում»,- ասել է Գյուլը:

Նրա խոսքով, միաժամանակ, Թուրքիայի դերը հետխորհրդային, մասնավորապես թյուրքալեզու երկրներում, ավելի է մեծանում։ Թուրքիան պատրաստվում է ներդրումներ անել Ղրղըզստանում, տեղական իրավապահ մարմիններում կարգապահություն ապահովելու համար այնտեղ ուղարկել իր ոստիկաններին։

«Խորհրդային ռեժիմի դարաշրջանում մեր եւ այդ հողեր միջեւ պատնեշ կար։ Չնայած մենք տարբեր դիալեկտներ  ունենք, բայց նույն լեզվով ենք խոսում։ Մենք միեւնույն  մշակույթն ու կրոնն ունենք»,- ամփոփել է Գյուլը: