Ադրբեջանը պատրաստ է բացել Հայաստանի հետ սահմանը, եթե Երեւանը վերադարձնի Լեռնային Ղարաբաղի շրջակա «գրավյալ» 5 տարածքները,- թուրքական Zaman թերթին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը։

«Ավելի վաղ Ադրբեջանի պաշտոնատար անձինք արդեն հաղորդել են այն մասին, որ մեր երկիրը պատրաստ է վերսկսել Հայաստանի հետ երկխոսությունը, եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ծրագրի առաջին փուլը ստանա իր լուծումը»,- հայտարարել է Պոլուխովը։

Շարունակելով զարգացնել իր մտքերը, Պոլուխովն ընդգծել է այդ հարցի վերաբերյալ Ադրբեջանի անսասան դիրքորոշումը և «լույս սփռել» այն հարցի վրա, որ առաջին փուլը ենթադրում է «զավթված» 5 տարածքների վերադարձ, եւ երկու քաղաքների՝ Քելբաջարի ու Լաչինի, վերադարձի ժամկետների հստակ սահմանում։ Այդ զարգացումներին, ըստ պաշտոնյայի, կհետեւի իրենց հարազատ բնակավայրեր փախստականների վերադարձը, եւ այդ ժամանակ արդեն կսկսեն երկու երկրների միջեւ գործել ճանապարհներն ու երկաթգծերը։ Պոլուխովը նշել է, որ ներկայումս Ադրբեջանում կան 1,5 մլն. փախստականներ։ Իսկ ինչ վերաբերում է խաղաղարար ուժերի գործառույթին, որոնք, մադրիդյան սկզբունքների համաձայն, պետք է գործունեություն ծավալեն այս տարածաշրջանում, ապա Պոլուխովը կարծում է, որ առայժմ շատ վաղ է խոսել այդ մասին։

Մեկնաբանելով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը, Պոլուխովը հայտարարել է, որ այդ գործընթացը հակասում է Ադրբեջանի ազգային շահերին։