«Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի պատիժը խստացնելու պատճառաբանության հիմքերը քրեակատարողական վարչությունը նախապես էր ծրագրել: Նման տեսակետ է հայտնել Նիկոլ Փաշինյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, անդրադառնալով ՔՎ երեկ տարածած հայտարարությանը, ըստ որի, Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ից «Արթիկ» ՔԿՀ է տեղափոխվել «պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտման» համար:
«Չարամիտ խախտում» սահմանումն, ըստ Փաշինյանի փաստաբանների, օգտագործվում է այն դեպքում, երբ դատապարտյալի վերաբերյալ ՔԿՀ պետը կայացրել է տույժի ենթարկելու մասին որոշումներ: Նիկոլ Փաշինյանի առնչությամբ «Կոշ» եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում կայացրած 5 տույժերից 4-ի վերաբերյալ արդեն բողոքներ են ներկայացվել Վարչական դատարան:
«Ճիշտն ասած մեզ զարմացնում էր այդ տույժերի քանակը, որ պարբերաբար նշանակում էր [ՔԿՀ-ի պետը]: Սկզբնական փուլում մենք մտածում էինք, որ դա արվում է, որպեսզի Փաշինյանը իրավունք չունենա պայմանական-վաղաժամկետ ազատվելու: Սակայն հիմա արդեն հասկացանք, որ նպատակը ավելի հեռուն էր գնում. նպատակ կար նրա ռեժիմը փոփոխել եւ նրան ավելի խիստ ռեժիմով պատիժ սահմանել», - «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է Լուսինե Սահակյանն ու հավելել. «Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է ոչ թե կիսափակ ռեժիմ, այլ միանգամից փակ ռեժիմ, ինչը եւս անթույլատրելի է, եւ մենք, իհարկե, համապատասխան քայլեր այս ուղղությամբ կձեռնարկենք»:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը «Կոշ» ՔԿՀ-ից «Արթիկ» ՔԿՀ է տեղափոխվել նոյեմբերի 30-ին եւ պատիժը կրելու է արդեն փակ ռեժիմով:





























