Ամփոփվեցին Գիտության եւ տեխնոլոգիաների ձեռներեցության (STEP) ծրագրի արդյունքները: Դեկտեմբերի 2-ի երեկոյան հաղթող հինգ թիմերին բացի վկայականներից, տրվեցին նաեւ 15 հազար դոլարի չափ դրամաշնորհներ: Գումարի կեսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, իսկ մյուս մասը ԱՄՆ Քաղաքացիական հետազոտութունների եւ զարգացման հիմադրամը (CRDF):

Հիմնադրամի ներկայացուցիչ Մեգի Սոբոտկան NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իրենց հիմնադրամը արդեն մի քանի տարի է շարունակում է ծրագիրը Հայաստանի հետ, քանի որ Հայաստանի կառավարության դերը ծրագրի աջակցության հարցում բավականին մեծ է:

“Շատ երկրներում մենք պարզապես այլեւս դադարեցրել ենք այս ծրագիրը, իսկ Հայաստանում հատկապես Էկոնոմիկայի նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում եւ ցանկանում է շարունակական դարձնել ծրագիրը, նաեւ համաֆինանսավորում է այն”,- ասաց Սոբկան:

Նրա խոսքով` թեեւ հատկացվող դրամաշնորհը մեծ չէ, սակայն ինովացիոն առաջարկների, գիտական հետազոտություններ իրականացնելու եւ այս ուղղությամբ առաջին քայլերը կատարելու համար այն կարող է լուրջ խթան հանդիսանալ:

Տեղեկացնենք, որ Հայաստանում STEP ծրագիրը անցկացվում է արդեն 4-րդ անգամ: