Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը Ցյուրիխում անցկացրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ֆուտբոլի 2018թ. աշխարհի առաջնության կազմակերպման համար Ռուսաստանը կծախսի 10 միլիարդ դոլար: Պուտինը Ռոման Աբրամովիչին առաջարկել է մասնակցել ենթակառուցվածքի ստեղծման ֆինանսավորմանը, իսկ Ռուսաստանի հավաքականից ակնկալում է միայն հաղթանակ:

«Մեն ճիշտ կազմակերպեցինք մեր հայտի պաշտպանությունը: Այն համապատասխանում է ՖԻՖԱ-ի փիլիսոփայությանը, որն ուղղված է համաշխարհային ֆուտբոլի սահմանների ընդլայնմանը: Մենք վերապրել ենք համաշխարհային ճգնաժամի ծանր հետեւանքները, եվրոպական երկրները բախվել են լուրջ ֆինանսական խնդիրների հետ, մենք նույնպես դժվարություններ ունեինք, բայց ոսկու եւ արտարժույթի մեր պահուստները երրորդն են աշխարհում, տարվա արդյունքում սպասվում է 4 տոկոս տնտեսական աճ»:

Ռուսաստանի վարչապետը հայտարարել է, որ նախնական հաշվարկով ստադիոնների եւ հարակից ենթակառուցվածքի կառուցման համար անհրաժեշտ կլինի մոտ 10 միլիարդ դոլար, ինչը գրեթե հավասար է Հարավային Աֆրիկայի ծախսած գումարին: Աշխարհի առաջնությունը կանցկացվի 13 քաղաքներում: Մոսկվայում Լուկօյլը կառուցելու է Սպարտակի, ՎՏԲ-ն` Դինամոյի ստադիոնը: Կազանում Համաշխարհային ուսանողական խաղերի ստադիոնը կօգտագործվի, Սոչիում` Ձմեռային Օլիմպիական խաղերինը, Գազպրոմն էլ ստադիոն է կառուցում Սանկտ Պետերբուրգում: Պուտինը նշել է, որ դրանց էլ կգումարվեն մի քանիսը եւ ամեն ինչ կարգին կլինի: Նա նաեւ հայտարարել է, որ Ռոման Աբրամովիչը շատ փող ունի եւ նույնպես կօգնի աշխարհի առաջնության կազմակերպման հարցում, հաղորդում է Gazeta.ru-ն: