Ղրղըզստանում փլուզվել է կոալիցիան: Խմբակցությունները չեն կարողացել որոշել խորհրդարանի նախագահին:
Պատգամավորները մերժել են նախագահի պաշտոնում առաջադրված «Աթա-Մեկեն» կուսակցության առաջնորդ Օմուրբեկ Թեքեբաեւի թեկնածությունը, որն առաջադրել էր մեծամասնության կոալիցիան: Ընդ որում, Թեքեբաեւի թեկնածությունը միակն էր, որ ներկայացվել էր քվեարկության:
Կոալիցիան, որի կազմում ընդգրկվել են երեք խմբակցություններ՝ Ղրղըզստանի Սոցիալ-դեմոկրատական, «Հանրապետություն», «Աթա-Մեկեն», ստեղծվել էր նոյեմբերի 30-ին: Կուսակցություններին անհրաժեշտ էր ձեւավորել երկրի կառավարություն, նշանակել վարչապետ եւ խորհրդարանի նախագահ, հաղորդում է RBC-ն:
Նշենք, որ համաձայն նոր Սահմանադրության, Ղրղըզստանն այժմ խորհրդարանական հանրապետություն է: Այսինքն, հենց խորհրդարանն է նշանակում խոսնակին ու կառավարության կազմը: Հոկտեմբերի 10-ին Ղրղըզստանի խորհրդարան են անցել 5 կուսակցություններ, որոնցից ոչ մեկը գերակշիռ թվով ձայներ չէր ստացել, եւ ժամանակավոր նախագահ Ռոզա Օթունբաեւան հանձնարարել էր Ալմազբեկ Աթամբաեւին կոալիցիա ձեւավորել:





























