Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասնեյակի ղեկավար Արթուր Սաքունցը դատախազությունից պահանջել է քննության առնել Կենտրոնի քննչական բաժնի քննիչ գործողությունները:
Սաքունցը հայտարարություն է տարածել, որում նշել է, թե 2009 թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւան քաղաքի վարչության կենտրոնի քննչական բաժնի քննիչ Տ. Ա. Հարությունյանի կողմից որոշում է կայացվել թիվ 13117708 քրեական գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին:
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել էր Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի նկատմամբ, Հայաստանի Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուլիխանյանի կողմից ձայնագազային ատրճանակից կրակոցներ եւ ֆիզիկական բռնություններ կատարելու փաստի հիման վրա:
«Ինձ համար առավել անակնկալ եւ ապշեցուցիչ էր այն հանգամանքը, որ նշված քրեական գործով հանդես եմ եկել որպես վկա, ցուցմունք եմ տվել Կենտրոնի քննչական բաժնում, վկայակոչել, թե ինչպես է Տիգրան Ուլիխանյանը երկրորդ անգամ, մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանելը, բռունցքներով հարձակվում Միքայել Դանիելյանի վրա, միաժամանակ հայհոյում նրան` նշավակելով Միքայել Դանիելյանին հոմոսեքսուալների, Եհովայի վկաների իրավունքների պաշտպան եւ ՑՌՈւ-ի ագենտ»,- նշում է իրավապաշտպանը եւ հավելում, որ իր վկայությունը բացակայում է քր.գործի կարճման մասին որոշման մեջ:
«Չգիտեմ դա թյուրիմացություն է, դիտավորություն, թե անփութություն, բայց որ իմ վկայությունը նշանակություն ունի վերը նշված, արդեն կարճված, քրեական գործում, համոզված եմ: Այդ իսկ պատճառով Կենտրոնի քննչական բաժնի քննիչի կողմից իմ վկայության մոռացության մատնելը հիմք է տալիս ինձ կասկածելու, որ տեղի ունի պաշտոնական կեղծիք կամ հանցագործության պարտակում: Սույն հայտարարությամբ պահանջում եմ ՀՀ գլխավոր դատախազությունից քննության առնել Կենտրոնի քննչական բաժնի քննիչի որոշումը եւ պարզել, թե ուր է կորել իմ վկայությունը եւ ինչու չի այն հաշվի առնվել որոշում կայացնելիս»,- նշել է
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը:



















