2009թ. առաջին յոթ ամիսների ընթացքում Հայաստան է ժամանել 207721 զբոսաշրջիկներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է 0.1 տոկոսով:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով՝ հանրապետություն ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվի 35.7 տոկոսը բաժին է ընկնում Եվրամիության երկրներին: Մասնավորապես Ֆրանսիայից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը կազմում է 13 տոկոս, Գերմանիայից ժամանած զբոսաշրջիկներինը` 6.6 տոկոս: Այնուհանդերձ Եվրամիության երկրներից ժամանած զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակը կրճատվել է 25.4 տոկոսով:

ԱՄՆ-ից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում կազմում է 17.8 տոկոս:

Աճել է Իրանից եւ Թուրքիայից ժամանած զբոսաշրջիկների թիվը: Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 9.3 տոկոսը բաժին է ընկնում Իրանին, իսկ 1.3 տոկոսը` Թուրքիային:

2009 թվականի հունվար-հունիսին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 25.7 տոկոսը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, ընդ որում միայն Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների տեսակարար կշիռը զբոսաշրջիկների ընդհանուր թվաքանակում կազմում է 18.4 տոկոս:

Զբոսաշրջության նպատակով հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունից մեկնել է 202774 մարդ: Ցուցանիշը 2008 թվականի առաջին յոթ ամիսների համեմատությամբ նվազել է 4 տոկոսով: