Կրթության բյուջեի կրճատումը արտահայտում է կրթության նկատմամբ պետության վերաբերմունքի մասին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ծառուկյանի դաշինքի պատգամավոր, Գյումրիի մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը: Նշենք, որ կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ–ից կրթության ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է: Եթե այս տարի ֆինանսավորումը կազմում էր 2.34%, ապա 2018-ին այն կլինի 2.18%, 2019-ին՝ 1.99%, իսկ 2020 թվականին՝ 1.85%։

«Լավ կրթությունը թանկ հաճույք է: Եթե մենք կրճատում ենք այդ գումարը, ումից ենք պահանջում, որ համապատասխան մասնագետներ լինեն ու կարողանան ընդունակ լինել միջազգային շուկայում: Ումից ենք պահանջելու իրականացնել ծրագրերը, ինչպես ենք ապահովելու որակյալ կրթությունը, եթե ոլորտին տրված առանց այն էլ փոքր գումարը կրճատում ենք»,-ասել է պատգամավորը:

Պատգամավորն ընդգծել է, որ երբ հարցը քննարկվի Ազգային ժողովում, դեմ է արտահայտվելու այդ փոփոխությանը:

«Լինելով երկար տարիների կրթության կազմակերպիչ՝ դեմ եմ, որ  կրթության բյուջեն  կրճատվի: Հատկապես, որ մենք կրթությանը մեծ չափով  չենք ֆինանսավորել, որ մի հատ էլ կրճատենք, Ազգային ժողովում եթե հարցը քննարկվի, իհարկե, անձամբ  ես դեմ եմ արտահայտվելու: Այդ կրճատմամբ ոչ միայն կառավարության, այլ ընդանրապես պետության վերաբերմունքն է արտահայտվում կրթության նկատամբ: Ինչքան էլ խոսենք ու ասենք, որ կրթությունը մեր համար գերակա նշանակություն ունի, եթե դու էդ ոլորտի բյուջեն  շատ փոքրացնում ես, դու չես կարող ունենալ որակյալ կրթություն, չես կարողանա իրականացնել ծրագրեր, որոնք կբերեն ոլորտի զարգացմանը: իրականացնել ծրագրերը»,-ասել է պատգամավորը: