WikiLeaks կայքէջի հիմնադիր Ջուլիան Ասանջը կարծում է, որ «դեռեւս ոչ ոք ըստ էության չի ուսումնասիրել» ամերիկացի դիվանագետների հրապարակված նամակագրությունը։
«Առաջին բանը, որ ես մտածեցի այդ արխիվներին նայելիս, այն էր, որ դրանց մեջ խորանալու համար շատ տարիներ են անհրաժեշտ։ Եթե մեկ օրում գոնե մեկ գործ կարդաս, բոլոր նյութերը կարդալու համար 7 տարի ժամանակ պետք կլինի։ Այնպես որ, դեռեւս ոչ ոք, ըստ էության, չի ուսումնասիրել այն, ինչ կա ներսում, մենք միայն թեթեւակի անցել ենք դրանց մակերեսով»,- համաձայն «ՌԻԱ Նովոստիի»՝ ասել է Ասանջը ռուսական «Ռուս թղթակից» ամսագրին տված հարցազրույցում (այս ամսագիրն է WikiLeaks-ի ռուսաստանյան հիմնական գործընկերը)։
«Բայց հիմա արդեն կարող ենք ասել, որ Հիլլարի Քլինթոնը լրտեսական առաջադրանքներ է դրել ՄԱԿ-ում ամերիկացի դիվանագետների առջեւ։ Նա որոշել է խախտել դիվանագետների համար սահմանված կանոնները եւ անգամ ամենակրտսերներից լրտեսներ պատրաստել»,- ասել է նա։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Քլինթոնի հավաստիացումներով ԵԱՀԿ երկրներից ոչ մեկը մտահոգություն չի հայտնել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ եւ չի հրաժարվել համագործակցել ԱՄՆ-ի հետ։





























