Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը հայտարարել է, որ կողմ չէ Թուրքիայի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները դադարեցնելուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հուլիսի 6-ին Եվրախորհրդարանը Թուրքիայի վերաբերյալ բանաձեւ է ընդունել, որը Եվրամիության երկրներին եւ Եվրահանձնաժողովին կոչ է անում Անկարայի հետ անհապաղ դադարեցնել ԵՄ-ի անդամակցության շուրջ բանակցությունները, եթե թուրքական իշխանությունները սահմանադրական բարեփոխումներում չսահմանեն անհրաժեշտ փոփոխությունները։

«Ես չեմ աջակցում Թուրքիայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները դադարեցնելուն, ինչին կոչ է անում Եվրախորհրդարանը»,-ասել է Յունկերը։

Նա ափսոսանքով նշել է, որ «գրեթե ամեն րոպե Թուրքիան հեռանում է Եվրամիությանն անդամակցելու համար կամավոր ստանձնած պարտավորվածությունից»։ «Ոչ թե Եվրամիությունը պետք է անդամակցի Թուրքիային, այլ՝ Թուրքիան Եվրամիությանը»,- նշել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։