Արարատի մարզում 71-ամյա հիվանդի մահվան գործով մեղադրյալ, Մասիսի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի արդեն նախկին վարիչ Գեւորգ Գրիգորյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին NEWS.am-ին ասաց բժշկի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը:

«Իմ պաշտպանյալը պնդում է, որ որեւէ սխալ չի գործել: Այդ պատճառով էլ մենք դատաքննության ավարտից առաջ միջնորդեցինք կրկնակի դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն է նշանակել, որն էլ բավարարեց դատարանը: Այժմ սպասում ենք փորձաքննության արդյունքներին»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:

Հարցին՝ դատաքննության ընթացքում արդյոք փոխվել է տուժող կողմի դիրքորոշումը, պաշտպանը հայտնեց, որ մահացած կնոջ հարազատները նիստին չեն մասնակցում: Նշենք, որ գործը քննվում է Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Նելսոն Սուվարյանը, որը 2015թ. օգոստոսի 31-ին հերթապահ վիրաբույժ է եղել, ստացիոնար բուժման ընդունված 71-ամյա Գոհարիկ Հարությունյանի հիվանդության ախտորոշումը տվել է ոչ լիարժեք եւ ուշացումով: Մասնավորապես, վիրաբույժը չի ախտորոշել դեռեւս օգոստոսի 27-ին կատարված որովայնի խոռոչի օրգանների համակարգչային շերտագրությամբ ախտորոշված քարային խոլեցիստիտի պերֆորատիվ /թափածածկված/ լինելը, ինչպես նաեւ ենթալյարդային շրջանում ինֆիլտրատի գոյացումը: Ավելին, Սուվարյանին ներկայացվել են օգոստոսի 31-ին արված հետազոտությունների արդյունքները, սակայն անտեսել է դրանք:

Նախաքննության տվյալների համաձայն՝ Գոհարիկ Հարությունյանի հիմնական հիվանդության եւ դրա բարդությունների հայտնաբերման եւ բուժման համար օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ չեն եղել: Օգոստոսի 31-ին եւ սեպտեմբերի 1-ին հիվանդի նկատմամբ վիրահատական միջամտություն չիրականացնելու Սուվարյանի պատճառաբանությունները մասնագիտական տեսանկյունից անհասկանալի եւ անընդունելի են` առավել եւս Գոհարիկ Հարությունյանի ստացիոնար բուժման ընդունված լինելու պայմաններում: Գոհարիկ Հարությունյանին այդ ժամկետում անհրաժեշտ շտապ վիրահատությունը Նելսոն Սուվարյանը ժամանակին չի իրականացրել, այլ կատարել է միայն սեպտեմբերի 2-ին, որի հետեւանքով որովայնի խոռոչում շարունակել է զարգանալ թարախաֆիբրինային տեղային տարածուն պերիտոնիտը` կոնգլոմերատի ձեւավորումով: Նելսոն Սուվարյանի կողմից անհրաժեշտ վիրահատության ժամանակին չիրականացնելը եւ հետվիրահատական շրջանում տվյալ բուժհաստատությունում թույլ տրված մյուս թերությունները եւ բացթողումները, ըստ փորձագետների, գտնվում են պատճառահետեւանքային կապի մեջ Գոհարիկ Հարությունյանի մոտ թարախասեպտիկ բարդությունների զարգացման, օրգանիզմի ընդհանուր ծանր ինտոքսիկացիայի խորացման, պոլիօրգանային անբավարարության զարգացման հետ` հանգեցնելով մահվան ելքի սեպտեմբերի 10-ին:

Բաժանմունքի վարիչ Գեւորգ Գրիգորյանն էլ, ունենալով պարտականություններ իրականացնելու իր ենթակայության տակ գտնվող անձնակազմի օպերատիվ ղեկավարություն բուժօգնություն կազմակերպելու համար, կազմակերպելու եւ վերահսկելու բաժանմունքի գործունեությունը, ոչ պատշաճ է իրականացրել իր մասնագիտական պարտականությունները:

Երկու բժիշկներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգքրի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: