Նախկին ամուսնու կողմից կացնահարված Թագուհի Մանսուրյանը հրաժարվել է երեխային թույլ տալ տեսակցել Վլադիկ Մարտիրոսյանի հետ` ելնելով նրա վարքագծից:
«Նա իմ հասցեին անընդհատ սեռական բնույթի հայհոյանքներ էր հնչեցնում, ծեծի է ենթարկել բազմաթիվ անգամ, անընդհատ լարված վիճակում պահել: Ես նրան թույլ չեմ տա տեսակցել իմ երեխային, հենց այդ պատճառով, քանի որ արժանի չէ, վտանգավոր է»,-այս մասին ասել է Թագուհի Մանսուրյանը, երբ իրավապահները նրանից հետաքրքրվել են՝ ինչու է հրաժարվել Վլադիկ Մարտիրոսյանին թույլ տալ տեսակցել որդու հետ:
Վլադիկ Մարտիրոսյանն էլ իրավապահներին հայտնել է. «Թագուհին չարամտորեն խուսափում է թույլ տալ տեսակցել իմ երեխայի հետ»:
Վլադիկ Մարտիրոսյանը դիմել է Վարչական դատարան, նա պահանջում է պատասխանատվության ենթարկել նախկին կնոջը՝ երեխայի հետ տեսակցություններ թույլ չտալու համար:
2016թ. հուլիսի 8-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երեւանում, որն ուղեկցվել էր կացնահարությամբ եւ անդամահատությամբ: 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը կացնահարել էր նախկին կնոջը, զոքանչին ու աներոջը։ Զոքանչը մահացել էր, կինն ու աները՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց: Նա ոստիկանությունում ընդունել էր, որ ինքն է կատարել արարքը, ասել էր, որ այդպես է վարվել, քանի որ ամուսնալուծվելուց հետո իրեն թույլ չեն տվել տեսակցել որդուն, որն արդեն 2 տարեկան է:
Նախկինում տղամարդը հայտնվել է դատարանի առջեւ կնոջը ծեծելու համար: Դատարանն ապացուցված էր համարել, որ Վլադիկ Մարտիրոսյանը խոշտանգել է կնոջը, չնայած դրան նա դատապարտվել էր ընդամենը 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չէր կիրառվել:
31-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 104-րդ եւ 137-րդ հոդվածների 1-ին մասերով: Նա կալանավորված է:
Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:



























