Իսպանական El Pais պարբերականը հետաքննություն է  իրականացրել Wikileaks-ի հրապարակումների հետքերով, մասնավորապես Ադրբեջանի վերաբերյալ:

Թերթի հոդվածում նշված է.

«Ամերիկացիները մի ամբողջ շարք են հրապարակել Ադրբեջանի ամենահարուստ ընտանիքների մասին: Առաջին հերթին դա Փաշաեւների տոհմն է, որից սերում է Մեհրիբանը՝ նախագահ Իլհամ Ալիեւի կինը: Փաշաեւները վերահսկում են երկրի 10 խոշոր բանկերից մի քանիսը, նաեւ Pasha Holding-ը, որը Բաքվում Bentley մեքենաների վաճառքի կետ է բացել: Նրանց է պատկանում նաեւ Pasha Constructions շինարարական ընկերությունը, որը կառուցել է Բաքվի գլխավոր հյուրանոցները, հեռուստաալիքներ, բջջային կապի ընկերություններ, եւ հեռահաղորդակցության ոլորտում մենաշնորհ ունի:

Փաշաեւները ռուսերեն ավելի լավ են խոսում, քան ադրբեջաներեն, վերահսկում են նախարարություններն ու գերատեսչությունները, որտեղ շահեր ունի առաջին տիկին Մեհրիբանը: Վերջինս գլխավորում է Հեյդար Ալիեւի հիմնադրամը, որն ամերիկացիները կասկածելի կազմակերպություն են համարում: Նրանց կարծիքով, Մեհրիբանը ճչան է հագնվում անգամ արեւմտյան չափորոշիչներով եւ վերջերս պլաստիկ վիրահատություն է արել:

Արտակարգ իրավիճակների նախարար Քեմալադդին Հեյդարովի ընտանիքը հարստությամբ երկրորդն է Ադրբեջանում: Քեմալադդինի հայրը՝ Ֆաթթահը կուսակցական աշխատող է եղել Նախիջեւանում, որտեղ ծնվել է Հեյդար Ալիեւը:

Հեյդարովների ընտանիքը սեփական Airbus 319 ունի, սակայն երեխաները՝ Նիջաթն ու Թալեն, որոնք կրթություն են ստացել Լոնդոնում, ուզում են գնել մեկական Gulfstream՝ 20 մլն դոլար արժեքով: Հեյդարովները բազմաթիվ ձեռնարկություններ ունեն շինանյութերի արտադրությունից մինչեւ կաթի արտադրությամբ զբաղվող: Նրանք մենաշնրոհ ունեն նռան հյութի եւ սեւ ձկնկիթի արտադրության ոլորտում»:

(Inosmi-ի նյութերով)