Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը նամակ է հղել ՀՀ զինվորական կոմիսար, գեներա-մայոր Ս. Ռ. Չալջյանին, կապված ծնոտի արատ ունեցող երիտասարդին զինծառայության համար պիտանի ճանաչելու խնդրի հետ:
Օմբուդսմենի նամակում մասնավորապես ասվում է:
«Քաղաքացի Վարդանուշ Վարդանյանը /հասցե` ք. Էջմիածին, Արագածի զանգված, թիվ 14 շենք, բն.8/ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած դիմումով հայտնել է, որ իր որդին` Գոռ Գագիկի Վարդանյանը /ծնված 23.09.1989թ./ 2007թ. Էջմիածնի զինկոմիսարիատում անցել է բժշկական հետազոտում, բաց կծվածք, ծամողական ֆունկցիաի արտահայտված խախտում ախտորոշմամբ, որի արդյունքում վերջինիս պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տրվել է երեք տարի տարկետում` մինչեւ 13.11.2010թ.: Դիմումատուի պնդմամբ, սույն թվականի նոյեմբերին հերթական բժշկական հետազոտման արդյունքում իր որդու մոտ հաստատվել է նույն ախտորոշումը, ավելին` որդու ատամների վիճակը ավելի է վատացել եւ այս ընթացքում նշանակված բոլոր բուժումները արդյունք չեն տվել, սակայն բժշկական հանձնաժողովը հաշվի չառնելով որդու հիվանդությունը, նրան ճանաչել է պիտանի զին. ծառայության համար եւ տվել 03.12.2010թ. բանակ զորակոչվելու մեկնման ծանուցագիր:
Ըստ դիմումատուի, նրա որդին պիտանի չէ զինվորական ծառայության, քանի որ նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, եւ խնդրել է պաշտպանի միջամտությունը կրկնակի բուժ. հետազոտության ուղարկելու համար:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով`առաջարկում եմ հանձնարարել անցկացնելու մանրակրկիտ բժշկական հետազոտում` ՀՀ Զինված ուժերում Գոռ Գագիկի Վարդանյանի ծառայության պիտանելիության հարցը որոշելու համար:
Խնդրում եմ արդյունքների մասին հայտնել ինձ հնարավորինս սեղմ ժամկետներում»:




























