WikiLeaks-ի արտահոսքները ցուցադրում են ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ գերակայող մտածողության ցինիզմը: Այդ մասին Սիլվիո Բեռլուսկոնիի հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Ըստ Մեդվեդեւի, Wikileaks-ի հրապարակած գաղտնի հեռագրերը ցինիկ դատողություններ են, որոնք «կարող են վնաս հասցնել արտաքին քաղաքական կապերին»:
«Մենք հոգեկան հիվանդներ չենք եւ, ասենք, չենք կապում ռուս-ամերիկյան հարաբերությունները որեւէ արտահոսքի հետ, չնայած որ դրանք բավականին հատկանշական են: Դրանք ցույց են տալիս դատողությունների ու գնահատականների ցինիզմի այն աստիճանը, որոնք գերիշխում են տարբեր պետությունների արտաքին քաղաքականությունում, այս պարագայում նկատի ունեմ Միացյալ Նահանգները»,- ասել է Ռուսաստանի նախագահը:
Ըստ Մեդվեդեւի, դիվանագիտությունը, ինչպես բանկային գործը, լուռ բան է, եւ պետք է իրականացվի համապատասխան սկզբունքներով: «Աստված չանի, եթե մամուլում հայտնվի ռուս դիվանագետների ու հատուկ ծառայությունների աշխատակիցների գնահատականներն իրենց ամերիկացի գործընկերների հասցեին, նրանք էլ մեծ բավականություն կստանային: Բայց պետք է դա արդյոք»,- ամփոփել է Մեդվեդեւը:




























